Դավիթ Հարությունյանի խոշոր «պադստավկան» Տարոն Մարգարյանին

Feb 22, 2018 Comments Off on Դավիթ Հարությունյանի խոշոր «պադստավկան» Տարոն Մարգարյանին

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վթարված կոյուղատար համակարգին, որի պատճառով Երևանի ավագանու վերջին նիստում կոյուղաջրային սկանդալ տեղի ունեցավ, հայտարարել է, թե այն լուծումը, որ հիմա տրվում է, ժամանակավոր է:

« Լուծումն իրականում շատ պարզ չէ: Այն լուծումը, որը հիմա է տրվում, դա ժամանակավոր է: Անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատանքներին, նախագծերը կազմվել են, այս տարի պատրաստվում էինք իրականացնել գնում: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պետական մարմինը տիրող իրավիճակի համար պատասխանատու է, բնականաբար, այո: Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար, երբևէ չենք խորշել պատասխանատվությունից: Մենք պատասխանատու ենք քրեակատարողական համակարգում առողջապահության վատ վիճակի համար, նրա համար, որ այնտեղ շենքային պայմանները լավը չեն: Մենք պատասխանատու ենք բազում հարցերի համար, և պատասխանատվությունը նշանակում է, որ մենք ամեն օր կատարում ենք քայլ՝ գտնելով առաջնահերթ խնդիրները, որովհետև ունենք սահմանափակ ռեսուրսներ»,- հայտարարել է նա:

Նուբարաշենի կոյուղագծի շուրջ ծավալված աղմուկը փաստորեն թաքնված խորքեր ունի, որի մասին գրեթե ոչինչ չխոսվեց ու չասվեց: Ընդհանուր տպավրություն ստեղծվեց,  թե քաղաքապետարանը պարտավոր էր, սակայն չէր նորոգել կոյուղագիծը:

Գլխավոր հարցը սակայն, թե արդյոք Երևանի քաղաքապետարանի պարտավո՞ր էր սեփական միջոցներով փոխել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վթարված կոյուղատար համակարգը, այլ պատասխան է ենթադրում: Ըստ էության՝ ոչ. մասնագետների կարծիքով՝ կոյուղատարի նորոգումը քրեակատարողական հիմնարկի և Երևանջուր ընկերության պարտականությունն է, մինչդեռ ամբողջ կուժն ու կուլան կոտրվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխին:

Վթրաված կոյուղու պատմությունը առնվազն հինգ տարվա պատմություն է. դեռ մի քանի տարի առաջ այս նույն վթարված կողուղու համար քաղաքապետարանի կողմից ժամանակավոր լուծում տրվել էր՝ դարձյալ հաշվի առնելով բնակիչների բողոքները: Բայց այն ժամանակ էլ պարզ էր, որ դա ընդամենը ժամանակավոր կոսմետիկ լուծում է, և վաղ թե ուշ կոյողու պարունակությունը սպառնալիք է դառնալու շրջապատում ապրող բնակիչների համար: Հիմնական լուծումը, որը պիտի տրվի, քրեակատարողական հիմնարկի համար նոր կոյուղատար համակարգի կառուցումն է՝ նախապես պատվիրելով մասնագիտական ուսումնասիրություն, նախագիծ: Դրանով պետք է զբաղվի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը, որը գործում է Արդարադատության նախարարության ենթակայությամբ: Ոչ միայն կոյուղու, այլ քրեակատարողական հիմնարկը ցանկացած ենթառակառուցվածքի վթարների նորոգումն ու առաջացած խնդիրների լուծումը արդարադատության համակարգի սուրբ պարտականությունն է:

Տվյալ պարագայում, քանի որ Երևան քաղաքում  ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայությունը կատարում է <<Երևանջուր>> ընկերությունը, ապա քրեակատարողական հիմնարկը, որը՝ որպես բաժանորդ, վճարում է այդ ծառայության համար, կարող է պայմանագրային պահանջներ ներկայացնել նաև ջրամատակարար ընկերությանը: Երևանի քաղաքապետարանը՝ որպես ընդհանուր վերահսկողություն իրականացնող մարմին, պարտավոր էր հետևողական լինել, անընդհատ պահանջել և պարտադրել, ընդհուպ մինչև դատարան դիմել՝ կոյուղու վթարի վերացման հայցով՝ ի պաշտպանություն երևանցիների, ինչը տվյալ պարագայում չի արել, և սա քաղաքապետարանի ու Տարոն Մարգարյանի ամենալուրջ բացթողումն է: Երևան քաղաքի տարածքում բազմաթիվ մասնավոր, պետական և միջազգային հիմնարկներ կան. քաղաքապետարանը պարտավոր չէ բոլորի վթարված կոյուղագծերը, գազի կամ ջրի խողովակները նորոգել, բայց պարտավոր է հետևել և վերահսկել, որ այդ աշխատանքը պատշաճ որակով և ժամանակին կատարվի:

Ավագանու կոյուղաջրային աղմուկի պիկն անցնելուց հետո Դավիթ Հարությունյանը ստիպված է եղել խոստովանել, թե իրենք ևս պատասխանտու են վթարված կոյուղու և ստեղծված հակահիգիենիկ վիճակի համար: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ, օրինակ, ավագանու <<Երկիր ծիրանի>> խմբակցությունը ընդհանրապես Դավիթ Հարությունյանի և նրա ղեկավարած համակարգի անունը չի տալիս: Իսկ Դավիթ Հարությունյանն էլ միայն կատարվածից հետո է խոստովանում, թե իրենք այստեղ անելիք և պատասխանատվություն ունեն: Դավիթ Հարությունյանը նաև դատապարտել է ավագանու նիստում կատրաված միջադեպը՝ հավասարապես անընդունելի համարելով երկու կողմի վարքագիծնը. «Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին: Դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություններ, որոնք, ցավոք սրտի, տվյալ պարագայում տեղի են ունեցել երկու կողմերից: Ես կարծում եմ, այո՛, երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին», – ասել է նա:

Հետաքրքիր է՝ իսկ նրա ու նրա ղեկավարած համակարգի վարքագիծը, երբ իրենց չարած գործի համար կոյուղաջուրը լցնում էին  քաղաքապետի վրա, ընդունելի՞ էր:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: