Արման Սահակյանը՝ դպրոցի շենքը Սամվել Ալեքսանյանի դստերը տալու մասին

Feb 20, 2018 Comments Off on Արման Սահակյանը՝ դպրոցի շենքը Սամվել Ալեքսանյանի դստերը տալու մասին

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն, այսօր ամփոփելով տարին, ասաց, որ Արթիկ քաղաքում դպրոցի շենքում, որը դեռ դեկտեմբերին անհատույց հանձնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը, 2 մլն դոլարի ներդրում կիրականացվի:

«Դրանք ամբողջությամբ պայմանագրային հարաբերություններ են: Խնդրում եմ՝ չտարանջատենք, թե ում է հանձնված այդ գույքը, եթե կա ներդրում, եթե մարդիկ ուզում են զբաղվել բիզնեսով, ապա պետությունը պետք է խոչընդոտ չհանդիսանաՊետական գույքը տարբեր ծրագրերի ներքո տրվում է անհատույց օգտագործման: Այսինքն եթե ժամանակին անհատույց տրվել է ԿԳՆ-ին, որ այնտեղ ծրագիր իրականացնի և այլևս ծրագիր չի իրականացնում, ապա մենք դա պետք է դիտարկենք որպես պետական սեփականություն: Մենք չենք թողնում, որ պետական սեփականությունը թալանվի, օտարվի: Մենք շահագրգռված ենք, որ խոչընդոտ չլինենք բիզնեսին, մեր չօգտագործվող գույքը տանք բիզնեսին, որ մարզերում ներդրումներ իրականացնեն և աշխատատեղեր ստեղծեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել լիարժեք չօգտագործվող պետական անշարժ գույքերի վերաբերյալ: «Պետական գույքի կառավարման վարչության կողմից գույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի: Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց, կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: