Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Feb 20, 2018 Comments Off on Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայ Աթոռի մամուլի ծառայությունից։

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի կարողանան Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգտակար որոշումներ կայացնել ներկայացված հարցերի վերաբերյալ՝ նպաստելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը։

Օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնավորաբար, քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։

Քառօրյա ժողովին կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: