Պատերազմի նոր սպառնալիք Բաքվից. Ի՞նչ է մտածում աշխարհը

Feb 22, 2018 Comments Off on Պատերազմի նոր սպառնալիք Բաքվից. Ի՞նչ է մտածում աշխարհը

«Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում», երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին այսօր առկա գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է: Հայաստանը շարունակում է ոչնչացնել Ադրբեջանի կրոնական, ազգային և պատմական հուշարձանները», -նշել է Ալիևը:

Իսկ ահա Ադրբեջանի Պաշտպանության նախարարը անցել է բոլոր սահմանները:

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի», ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:

Այս հանդիպմանը քննարկվել է շփման գծում տիրող ներկա իրավիճակը, ադրբեջանական կողմը դարձյալ բողոքել է, որ բանակցային գործընթացն արդյունք չի տալիս: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները, հակամարտության լուծման համար ջանքեր գործադրելով, զբաղվեին նաև դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով»,- ասել է Հասանովը:

Բանը հասել է նրան, որ պաշտոնական Բաքուն արդեն եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանն է շարունակում սպառնալիքներ հնչեցնել: Ու սա այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Ալիևը Հայաստանի սահմանների նկատմամբ էր տարածքային պահանջներ ներկայացնում:

Բաքվի սանձարձակությունն, ակնհայտորեն ունի պատճառներ, ու դա քաղաքակիրթ աշխարհի լռությունն է:

Ի՞նչ սպասել մի երկրից, որտեղ մարդասպանին պետական մակարդակով հերոսացնում են: Երեկ էլ նոր տեղեկություն ստացվեց: Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին գեներալ լեյտենանտի կոչում են շնորհել Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 14 տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գեներալ լեյտենանտի կոչում են տվել Բաքվում: Հիշեցնենք, որ 2006-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, իսկ 2012-ին նրան արտահանձնել էին Բաքու: Վերադառնալուն պես Ալիևը համաներում էր շնորհել լեյտենանտին, իսկ պաշտպանության նախարարը նրան մայորի կոչում էր շնորհել:

Ահա, սա է Ադրբեջանը: Ու սա ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, ինչպես ասում են՝ օրը ցերեկով:

Հայկական դիվանագիտությունն իր ողջ ուժերը պետք է լարի աշխարհի հետ աշխատելու նոր ձևեր փնտրելու տեսանկյունից, և ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքական ներկայիս գերատեսչությունն իր ղեկավարով՝ այդ գործունեությունը ծավալելու ներուժ չունի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: