ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կհասնե՞ն Հայաստան. Այլընտրանք ունե՞նք

Feb 22, 2018 Comments Off on ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կհասնե՞ն Հայաստան. Այլընտրանք ունե՞նք

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի փոխանցմամբ, Վաշինգթոնը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել մի ժամանակաշրջանում, երբ թե՛ դեմոկրատականներն ու թե՛ հանրապետականները քննադատում են նախագահ Դոնալդ Թրամփին ռուսների վերաբերյալ նոր կոշտ քայլեր չձեռնարկելու համար:

CBS հեռուստակայանի թղթակից Մարգարետ Բրենանի հետ զրույցում Թիլերսոնը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արդեն խափանվել է ռուսական զենքի վաճառքի մի քանի գործարք, իսկ հիմա քննարկվում է կոնկրետ անհատների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Անցյալ ամռանը Միացյալ Նահանգների օրենսդիրները հավանություն են տվել «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին: Ընդ որում, օրենսդիրների գերիշխող մեծամասնությունը հավանություն էր տվել հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի առաջարկած օրինագծին․ Ներկայացուցիչների տանը հուլիսի 24-ին այն ընդունվել է 419 կողմ, 3 դեմ, իսկ հուլիսի 27-ին Սենատում՝ 98 կողմ, 2 դեմ քվեների հարաբերակցությամբ, հայտնում է «Ազատությունը»:

Թրամփը, ով նախընտրական շրջանում խոստացել է բարելավել հարաբերությունները ռուսների հետ, որոշակի դժկամությամբ է խոսել օրենքի մասին, սակայն օգոստոսի 2-ին այն վավերացրել է: Փաթեթով նախատեսված պատժամիջոցները մեղմելու կամ չեղարկելու համար նախագահը պարտավոր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը:

Փետրվարի 14-ին Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սենատի ֆինանսների հանձնաժողովում ասել է, որ առաջիկայում կհրապարակվի հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Մնուչինի փոխանցմամբ՝ այդպես Վաշինգթոնը պատասխանում է 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուսների փորձերին: «Մենք շատ լուրջ ենք աշխատում այդ պատժամիջոցների հարցում», – ասել է նախարար Մնուչինը:

CBS-ին տված հարցազրույցում պետքարտուղար Թիլերսոնը խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ իր անձնական հարաբերությունների մասին՝ ասելով, որ դրանք միշտ եղել են գործնական և պարկեշտ, դեռ այն տարիներից, երբ ինքը Ռուսաստան էր այցելել որպես էներգակիրների արդյունահանման բիզնեսում աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ ExxonMobil-ի ղեկավար: Նա մոտ 18 տարի գործնական կապեր է ունեցել Ռուսաստանի ղեկավարների, այդ թվում՝ նախագահի հետ: Պետքարտուղարի պաշտոնն ամեն բան փոխել է, Թիլերսոնի խոսքով, ինքը Պուտինին ասել է, որ այլևս ներկայացնում է ոչ թե ExxonMobil-ն, այլ Միացյալ Նահանգների ժողովրդին: «Ես նույն մարդն եմ, բայց գլխարկս փոխվել է», – ասել է Թիլերսոնը՝ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ հանդիպելով Պուտինին:

«Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո դեմոկրատականներին զայրացրել է այն հանգամանքը, որ Սպիտակ տունը չի շտապում նոր պատժամիջոցներ սահմանել: Ֆինանսների նախարարության հրապարակած «կրեմլյան զեկույցում» ընդգրկված է ռուսաստանյան գրեթե ամբողջ պետական-քաղաքական վերնախավը և հարուստ գործարարները՝ ընդհանուր հաշվով 210 մարդ: Ֆինանսների նախարար Մնուչինն ասել է, որ հիմա ընթացքի մեջ է պատժամիջոցների ցանկը կազմելու աշխատանքը:

Փետրվարի 16-ին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով հետաքննում է ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքները, «ԱՄՆ-ի դեմ դավադրության» և «խարդախության» մեղադրանք է ներկայացրել 13 ռուսաստանցիների և երեք ռուսաստանյան ընկերությունների:

Փաստորեն, պատժամիջոցները դարձել են «դամոկլյան սուր», որը Ռուսաստանի գլխին կախված կմնա, քանի դեռ չեն վերանա դրանց հանգեցրած հանգամանքները, և չեն բավարարվի Կոնգրեսի ու Սպիտակ տան պահանջները, որոնք ներկայացվել են 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության, ինչպես նաև Ուկրաինայում և Սիրիայում ռուսների գործողությունների առնչությամբ:

Ռուսները կտրականապես հերքում են ընտրություններին միջամտելու մեղադրանքը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերթական անգամ այդ մեղադրանքներն անվանել է «անարդար, անհիմն և անընդունելի»: «Ռուսաստանը չի ունեցել և չունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու սովորություն», – ասել է Պեսկովը:

Նախագահ Թրամփը, իր հերթին, մշտապես պնդում է, որ իր թիմակիցների և ռուսաստանցի պաշտոնյաների հանդիպումներում որևէ ապօրինի հանգամանք, շահերի բախում չի եղել: Ավելին, Թրամփն ասել է, թե հետաքննությունը վկայում է, որ ռուսները սկսել են միջամտել ամերիկյան ներքաղաքական զարգացումներին դեռ այն ժամանակ, երբ ինքը չէր էլ որոշել առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Իսկ ի՞նչ է սպասում Ռուսաստանի դաշնակից երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին…

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ծանուցել էին Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքելու պարագայում հնարավոր է թիրախում հայտնվեն:

Սա ոչ ավել, ոչ պակաս՝ բաց տեքստով ակնարկ էր ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը հետեւողականորեն իրագործվում է եւ ակնհայտորեն այն շարունակական կլինի:

Հետեւաբար, Վաշինգտոնի նախազգուշացմանը պետք է լուրջ վերաբերել և  այլընտրանքների փնտրելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրագործել: Ընդ որում, այլընտրանքի փնտրտուքը վերաբերվում է և՛ ռազմարդյունաբերական արտադրանքին, և՛ էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը:

Գոնե այս երկու ուղղություններով, ակնհայտ է, որ ոչինչ չի արվում: Մինչդեռ հետո կարող է բավական ուշ լինել…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: