Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի դեմ  բողոքի ակցիա է սպասվում

Feb 21, 2018 Comments Off on Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի դեմ  բողոքի ակցիա է սպասվում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցը դեռ լուծում չի ստանում,և կարծես նոր լուրջ զարգացումներ են սպասվում:

Հիշեցնենք՝ պատրիարքական տեղապահի ընտրության հարցը որոշվել էր անցած տարի  ՝փետրվարի 23-24-ին ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ տեղապահի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար: Մարտի 15-ին Պոլսո պատրիարարքարանում դռնփակ ժողովի ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ: Նոր տեղապահը պետք է նախապատրաստեր պատրիարքի ընտրությունները, սակայն մինչ օրս թուրքական իշխանությունները չեն տալիս համաձայնություն ընտրություն անցկացնելու մասին:

Օգոստոսին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր Պատրիարքի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանը դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա: Պոլսո Հայոց պատրիարքի նախկին տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ամիսներ առաջ  Երևանում հայտարարեց, որ պատասխան չի էլ լինի, քանի որ իշխանությունը Բեքչյանին՝ հետևաբար նաև ընտրությունների արդյունքները չի ընդունում։ Արքեպիսկոպոսի խոսքով ՝ Ստամբուլի նահանգապետարանից էլ են ասել՝ «ընտրություն եք ուզում ՝ ուրեմն ամեն ինչ վերադարձրեք հին վիճակին»։ Քանի որ ինքը երբեք իր կամքով հրաժարական չի տվել: Ավելին, նա ասել է, որ թուրքական իշխանությունները պարտադրում են, որ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանա պաշտոնից: Բանն այն է, որ Աթեշյանը համարվում է թուրքական իշխանությունների կամակատարը եւ ամեն ինչ անում  Բեքչյանին հեռացնելու ուղղությամբ:
Վաղը՝ փետրվարի քսանին,  Մայր Աթոռում կայանալիք  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Պոլսո Հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, կաթողիկոսանիստի առջեւ խնդրո առնչությամբ բողոքի ակցիա է սպասվում պատմաբան Գեւորգ Յազըչյանի եւ մի խումբ խնդրով մտահոգ մարդկանց նախաձեռնությամբ: Բողոքի հասցեատերը մեր զրուցակից Յազըչյանի խոսքով Գերագույն հոգեւոր խորհուրդն է՝ որպես հոգեւոր հավաքական մարմին եւ ոչ թե միայն կաթողիկոսը։

« Հոգեւոր խորհուրդը իրավասու է ՝ որոշում կայացնելու եւ այդ որոշումը պարտադրելու, հետեւաբար մեր պահանջը ողջ խորհրդին է ուղղվելու, իսկ պահանջը հետեւյալն է՝ այլեւս չափ ու սահման դնել Արամ Աթեշօղլու սանձարձակություններին, կլինի դա պատիժ, թե որոշում, թող որոշի հոգեւոր խորհուրդը»,- ասում է մեր զրուցակիցը: Յազըչյանը հույս ունի, որ իրենց պահանջը տեղ կհասնի, եւ միջոցներ կձեռնարկեն Աթեշյանի, կամ ինչպես ինքն է ասում՝ Աթեշօղլու դեմ:Բողոքի ակցիան պատմաբանի վստահեցմամբ բացառապես խաղաղ բնույթ է կրելու, առանց գոռում-գոչյունների, պահանջների վերաբերյալ ընդամենը պաստառներ կպարզեն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: