Դպրոցների տնօրենների ընտրության ձեւաչափը կփոխվի

Feb 19, 2018 Comments Off on Դպրոցների տնօրենների ընտրության ձեւաչափը կփոխվի

Հայաստանում դպրոցների խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, դպրոցների տնօրենների ընտրության ձեւաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: «Ամբողջ փաթեթը պատրաստ է, առաջիկայում կմտնենք կառավարություն: Երկու ուղղությամբ ենք աշխատել. առաջինը՝ որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար, որ ասենք գյուղապետը հնարավորություն չունենա ուղիղ նշանակել խորհրդի անդամներ: Երկրորդ՝ արմատապես պիտի մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը եւ վերահսկելիությունը: Բացի այդ, տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի»:

Լևոն Մկրտչյանը նաև ասաց, որ մինչև 2022թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության։ Ներկայումս ՀՀ մարզերից ներառական կրթություն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։

«Ներառական կրթության ոլորտում իսկապես շատ մեծ հիմնախնդիրներ կան կուտակված, սակայն մենք պետք է բարելավենք այն և մինչև 2022 թվականը համատարած անցում կատարենք ներառական կրթության։ 2017 թվականին 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ինչպես նաև հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»,- ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ ոլորտում մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել՝ դպրոցներում սկսել է աշխատել ուսուցչի օգնականի հաստիքը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: