Շաբոյանը նոր առաջարկներ է արել

Feb 19, 2018 Comments Off on Շաբոյանը նոր առաջարկներ է արել

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում հակասություններ կան: Այս մասին Մոսկվայում` ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստի ժամանակ ասել է երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունից, Շաբոյանը նաեւ ներկայացրել է առաջարկներ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները փոփոխելու վերաբերյալ:

Մասնավորապես, Արտակ Շաբոյանը խոսել է այն մասին, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը եւ պանրային արտադրանքը, թթվասերը եւ թթվասերային արտադրանքը եւ այլն:

Սակայն ուսումնասիրությունները փաստում են, որ այդ անվանումները միմյանց խիստ նման են եւ սպառողների մոտ առաջացնում են շփոթություն. «Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսական, թե կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար»: Շաբոյանն առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված, ինչպես օրինակ կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ եւ այլն:

Սակայն, կարագի մասով էլ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Խնդիրն այն է, որ ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն, ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաեւ բուսական յուղ: Քանի որ այն ռուսական ծագման է, ապա Հանձնաժողովը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին եւ ստացել պատասխան, որտեղ նշված է, որ բուսական յուղով պատրաստված կարագը հանդիսանում է դիետիկ արտադրանք:

Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի, այստեղ առկա է ակնհայտ հակասություն. մի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաեւ բուսական ծագման, որը դիետիկ սննդամթերք է:

Արտակ Շաբոյանը գործընկերներին առաջարկել է այս մասով փոփոխել տեխնիկական կանոնակարգը՝ հստակ նշելով, թե որոնք են դիետիկ նշանակությամբ ապրանքներին ներկայացվող պահանջները: « Մենք նման արտադրատեսակը հայտնաբերել ենք Հայաստանում, սակայն պարզել ենք, որ օրենսդրական բացի հետեւանքով առաջացած այս խնդիրը առկա է նաեւ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում»:

Արտակ Շաբոյանի առաջարկը հավանության է արժանացել գործընկեր կառույցների ղեկավարների կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել առաջիկայում միջոցներ ձեռնարկել՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: