Մանե Թանդիլյանը՝ ԵԼՔ-ում եղած տարաձայնությունների մասին

Feb 19, 2018 Comments Off on Մանե Թանդիլյանը՝ ԵԼՔ-ում եղած տարաձայնությունների մասին

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօչ լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարել այն խոսակցություններին, որ ԵԼՔ դաշինքում հակասություն կա՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը դեմ պայքարի մասով: Նման տեղեկությունների հիմք հանդիսացավ այն, որ դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելն է, իսկ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ արդեն ուշ է ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար:««Ելք» դաշինքում բոլորը համամիտ են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու հարցում: Մենք ամեն կերպ փորձելու ենք դա թույլ չտալ: Այսօր ընդունվում են բազմաթիվ օրենքներ, որոնք ըստ էության ավելի են ամրապնդում վարչապետի լիազորությունները և մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչի մասին խոսվել է սահմանադրության փոփոխությունները կատարելուց առաջ, այդ իմաստով չի արվում: իրականությունն այն է, որ դաշինքի երեք կուսակցությունները ունեն առանձին ճանապարհային քարտեզ, տարբեր մոտեցումներ խնդիրների լուծման համար: Սա բնական է, որ երեք հավասար ուժեր բանակցում են, քննարկում են, պարզաբանում են, համաձայնում են եւ գտնում ընդհանուր ճանապարհ՝ գալով ընդհանուր հայտարարի: Սա շատ առողջ է եւ ես կարծում եմ, որ առանց այս բանավեճերի դաշինքը լճացած կլիներ ու այսքան ուշադրության կենտրոնում չէր լինի: Ես ուրախ եմ, որ կա տեսակետների բախումը եւ բանավեճը»,- նշեց նա:

Մանե Թանդիլյանը հայտարարեց նաև, որ օրերս տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը չի խոչընդոտում «Ելք» դաշինքը կուսակցություն դարձնելուն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: