Սերժ Սարգսյանը պատերազմի ահազանգ հնչեցրեց

Feb 22, 2018 2 Comments

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ապա Ս.Սարգսյանը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Նա շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին.- «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»,- նկատել է Սարգսյանը։

Փաստացի, Սերժ Սարգսյանը եվրոպական քաղաքում՝ Մյունխենի անվտանգության համաժողովում բարձրացրեց Եվրոպայի հանդուրժողականություն, ինչպես նաև պատասխանատվության հարցը՝ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան:

Սա պաշտոնական Երևանի կողմից ամենաուժգին ահազանգն է քաղաքակիրթ աշխարհին, Եվրոպային՝ հատկապես, որը հանդուրժողականության, խաղաղության, կայունության ջատագով է:

Սերժ Սարգսյանն ահազանգ է հնչեցնում, ըստ էության, որը նշանակում է, որ պատերազմը չի կարելի բացառել, եթե աշխարհը շարունակելու է այդպիսի լռությամբ հետևել Ալիևի՝ Երևանը գրավելու, առհասարակ՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու փաստին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Սերժ Սարգսյանը պատերազմի ահազանգ հնչեցրեց” հրապարակմանը