Սերժ Սարգսյանի վերջնագիրն ու նոր փաստաթուղթը

Feb 25, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի վերջնագիրն ու նոր փաստաթուղթը

Մյունխենի անվտանգության համաժողովում «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը և «ժամանակն այստեղ կարծես կանգ է առել»: Սերժ Սարգսյանը ասել է, թե Հայաստանն ամեն ինչ արել է իրավիճակը հաղթահարելու համար, սակայն 2009-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված հաշտեցման արձանագրություններն այդպես էլ մնացել են թղթի վրա:

«Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։ Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է»,- ասել է Սարգսյանը՝ եզրափակելով – «Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»։

Սերժ Սարգսյանի կողմից սա արդեն երկրորդ անդրադարձն է վերջին ամիսներին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրություններին:

Սերժ Սարգսյանը նաև ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018թ. գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին»:

Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, թե Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»: «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», – Բաքվում ասել էր Մևլութ Չավուշօղլուն:

Պատասխանելով 2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը պետք է իմանա ինչպես իրեն պահել հարևանների հետ․ – «Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները. հայկական կողմի բացատրությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է:

Դե ինչ, պաշտոնական Անկարան բացահայտ ստում է: Թուրքիայի իշխանությունները նման պայման Երևանի առջև, բնականաբար, չեն դրել՝ բանակցությունների ժամանակ, այլապես տարուց ավելի հայկական կողմը Թուրքիայի պաշտոնյաների հետ չէր քննարկի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման:

Թուրքիայի իշխանություններն այդ պայմանը դրեցին արդեն ցուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հենց այդ օրը՝ մեծ ջանքերով ստորագրվեց այդ փաստաթուղթը, որովհետև Անկարան ցանկանում էր հենց ստորագրման օրը ներկայացնել այդ պայմանը, ինչը չհաջողվեց:

Այնուհետև, Թուրքիան վերցրեց արձանագրությունները, դրեց դարակում ու սկսեց պահանջել ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծում, որից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում:

Սերժ Սարգսյանը Մյունխենում ասել է այն, ինչ պարտավոր էր ասել՝ Հայաստանը հավերժ չի կարող սպասել Թուրքիայի քմահաճություններին: Ավելին՝ Ս.Սարգսյանը հստակ արձանագրել է, որ եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա՝ վավերացնել արձանագրությունները, չարաչար սխալվում է. նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ:

Այսինքն, Սերժ Սարգսյանը հստակ ֆիքսել է, որ վերադարձ ցուրիխյան արձանագրություններին չի լինելու, և եթե որևէ պահից Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն բանակցություններ՝ ապա ստիպված են լինելու զրոյից՝ նոր փաստաթղթի շուրջ բանակցել:

Սա, ըստ էության, պատասխանատվության այն գինն է, որն Անկարան կվճարի ցյուրիխյան արձանագրությունները տապալելու համար:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: