Կասկածելի 1,5 մլրդ դրամ. Դավիթ Լոքյանը թյուրիմացության մեջ է գցել նախագահին

Feb 20, 2018 Comments Off on Կասկածելի 1,5 մլրդ դրամ. Դավիթ Լոքյանը թյուրիմացության մեջ է գցել նախագահին

Նախորդ շաբաթվա վերջին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և տրված հանձնարարականների արդյունքների մասին։ Ըստ նախագահականի պաշտոնական հաղորդագրության՝ մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար, որի շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ դրամ։

Այսինքն՝ այդ 285 ծրագիրը իրականացվել է ավելի էժան, քան նախատեսված է եղել, ու այդ գումարն էլ խնայվե՞լ է, թե՞ այդ ծրագրերը ուղղակի չեն իրականացվել, և որի արդյուքնում էլ առաջացել է խնայողությունը: Այս մասին հաղորդագրությունում ոչինչ չի նշվում, բայց ամեն դեպքում հետարքրքիր է, այս թվերը լսելուց հետո Սերժ Սարգսյանը Դավիթ Լոքյանին չի՞ հարցրել՝ այդ խնայված 1,5 մլրդ դրամը ի՞նչ եք արել: Որպես կանոն, խնայված գումարները վերադարձվում են բյուջե, քանի որ կառավարության կողմից հատկացված գումարները խիստ հասցեական և նպատակային են տրվում: Ենթադրենք՝ բյուջեից հատկացվել է 10 մլն դրամ գումար այսինչ մարզի Ա և Բ գյուղերն իրար կապող ճանապարհի նորոգման համար, ապա այդ գումարը չի կարող ծախսվել, օրինակ, Գ և Բ գյուղերի ճանապարհի նորոգման համար և արդյունքում գոյանում է տնտեսում: Եթե ինչ-որ պատճառով նախապես պլանավորված ծրագիրը չի իրագործվում, անշուշտ տրամաբանական կլիներ, որ այդ գումարները օգտագործվեին համայնքների հազար ու մի խնդիրներից գոնե մի քանիսի լուծման նպատակով, բայց այստեղ օրենսդրական խնդիր կա. պետք է չօգտագործված գումարը վերադարձվի բյուջե, հետո նոր առաջարկ ներկայացվի, կառավարության հատուկ որոշում կայացվի, որից հետո միայն այդ, այսպես կոչված, տնտեսված գումարը կարող է օգտագործվել որևէ այլ խնդրի լուծման նպատակով, ինչը հավանաբար չի արվել, հակառակ պարագայում Լոքյանն այդ մասին անպայման կզեկուցեր:

Խնդիրն այստեղ այլ է՝ ինֆորմացիան ճիշտ և հիմնավոր ներկայացնել ինչպես նախագահին, այնպես էլ հանրությանը: Հազիվ թե 5 մլրդից 1,5 մլրդը, որ համարյա 25 տոկոս է կազմում, տնտեսված լիներ: Որպես կանոն, Հայաստանում հակառակն է լինում՝ նախապես տրված գումարները չեն բավարարում ծրագրերի լիարժեք իրականացմանը: Այս դեպքում հակառակը դժվար թե եղած լիներ, այն էլ այդպիսի ընդգծված ցուցանիշով: Առավել հավանական է, որ նախատեսված 285 ծրագրերը ուղղակի չեն իրականացվել: Բայց այս դեպքում տեղի ունեցածը պետք էր որակել ոչ թե խնայողություն, այլ պետակլան ծրագրի տապալում: Ինչպես ասում են՝ մեկնաբանության հարց է:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: