«Պճեղի մինինգիտով» վարակվածները բարձր պաշտոն կստանան կառավարությունում

Feb 21, 2018 Comments Off on «Պճեղի մինինգիտով» վարակվածները բարձր պաշտոն կստանան կառավարությունում

Այս տարվա հունվարից ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը, որով փաստացի կրթության հիմքով տարկետման իրավունքը իսպառ վերացվեց, նախատեսվում է փոփոխել: Մասնավորապես առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ կառավարության անդամ նշանակված քաղաքացուն՝ կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով:

Հայտնի է, որ այս օրենքի գլխավոր ջատագովը Վիգեն Սարգսյանն էր, որը մինչև վերջ մնաց անդրդվելի և արեց ամեն ինչ, որ ակադեմիական տարկետման որևէ կետ չմնա: Նշված օրենքում միակ սողանցքը, որ կարող է տարկետման հնարավորություն տալ, կառավարության անհատական որոշմամբ տրվող տարկետումներն են, որոնք կարող են տրվել բացառիկ երիտասարդների, եթե նրանք ունեցել են լուրջ գիտական նվաճումներ, միջազգային օլիմպիադայում մեդալներ են նվաճել կամ արվեստի ոլորտում ունեն միջազգային մրցույթների հաղթանակներ: Համապատասխան կարգը, թե ում կարելի է կառավարության անհատական որոշմամբ տալ տարկետման իրավունք, դեռ չի հաստատվել, սակայն հանրային քննարկման ներկայացված տարբերակում նշված էր, որ ձևավորվելու է հանձնաժողով, որը հաշվի առնելով տարկետման անհատական իրավունքի հավակնող երիտասարդի ձեռբերումները՝ քվեարկությամբ գնահատելու է՝ նրան տա՞լ տարկետում, թե՞ ոչ:

Խոստովանենք, որ 18 տարեկանում գիտական նվաճումների հասնել կամ միջազգային լուրջ մրցույթների հաղթողներ քչերը կարող են լինել, թերևս կարող են միայն բացառիկ տաղանդի տեր մարդիկ: Մնացած բոլոր դեպքերում կրթության հիմքով տարկետում չի լինելու՝ բոլորին սպասվում է ծառայությունը, եթե իհարկե նրանք առողջության հիմքով տարկետում չեն ստացել:

Բայց արի ու տես, որ տղաները չդիմացան ճնշմանը՝ պարզվում է տարկետում  էլիտարների և արտոնյալների համար լինելու է: Կառավարության անդամները, փաստորեն, պաշտոնավարման ողջ ժամկետի համար ստանալու են տարկետում: Սա առնվազն տարակուսելի վիճակ է, որովհետև կառավարության անդամի և Ազգային ժողովի պատգամավորի համար սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված պահանջները հետևյալն են՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Կառավարության անդամի համար սահմանվում են նույն պահանջները: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության անդամը կամ ԱԺ պատգամավորը մինչև 25 տարին լրանալը պետք է առնվազն վարակված լինի, Նիկոլ Փաշինյանի ասած, «պճեղի մինինգիտով», որպեսզի բանակում ծառայության գնացած չլինի: Իսկ բանակ գնալուց հետո տարկետման կարիք, որպես կանոն, չի առաջանում:

Օրենքը հլու-հնազանդ ընդունողները թերևս հասկացել են, որ սեփական զավակների համար մի ճար պետք է անպայման գտնել: Եվ գտել են՝ մինչև 25-ը անբուժելի հիվանդությունից կբուժվեն, իսկ դրանից անմիջապես հետո կառավարության անդամ կդառնան կամ էլ ԱԺ-ում մանդատ կստանան: Հայաստանի քաղաքական էլիտան այժմ կանգնած է սերնդափոխության հրամայականի առաջ, և որոշներն այժմ հարազատ երեխաների պայծառ ապագան են կերտում, որտեղ թերևս ժամկետային զինծառայություն նախատեսված չէ՝ դա ռամիկների դասի համար է, իսկ որոշները էլիտար են:

Իրականում  խոշոր խայտառակություն է, երբ պատերազմական վիճակում գտնվող երկրում կառավարության անդամի համար բանակում ծառայելու պարտադիր պահանջ չի սահմանվում: Ավելի մեծ խայտառակություն է, երբ չծառաելու մասին՝ օրենքով սահմանված երաշխիք է ներմուծվում: Կարելի է չկասկածել, որ կան կոնկրետ անձինք, որոնց համար գրվել է այս նախագիծը:

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: