Հարազատները լացում ու ողբում էին. Կամրջի տակ դստեր հետ մահացած Գայանեն նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել

Feb 19, 2018 Comments Off on Հարազատները լացում ու ողբում էին. Կամրջի տակ դստեր հետ մահացած Գայանեն նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել

Երեւանի Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջը՝ Գայանե Հարությունյանը վերջին անգամ երկուշաբթի՝ փետրվարի 12-ին է աշխատանքի գնացել եւ իր անմիջական ղեկավարից խնդրել է հաջորդ օրը մի փոքր ուշ ներկայանալ աշխատանքի` բժշկի գնալու պատճառով: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

«Գայանեն վերջին անգամ երկուշաբթի օրն է գործի եկել, իր անմիջական ղեկավարից խնդրել է հաջորդ օրը մի քիչ ուշ ներկայանալ աշխատանքի, քանի որ ցանկացել է բժշկի գնալ: Գիտեմ, որ իր ղեկավարն էլ ասել է, որ եթե ուզում ես ամբողջ օրը գործի մի արի, եթե քեզ հարմար չի: Հաջորդ օրը Գայանեն գործի չի եկել, ղեկավարն էլ ենթադրել է, որ իր առաջարկից է օգտվել, ու չի զանգահարել Գայանեին, բայց դրա հաջորդ օրը արդեն մայրն է զանգահարել Գայանեի ղեկավարին եւ իմացել ենք, որ նա տուն չի վերադարձել երեխայի հետ»,- պատմեց Նանա Գնդոյանը:

Նրա խոսքով` Գայանեի վարքագծում վերջին ժամանակշրջանում որեւէ տարօրինակ բան չեն նկատել եւ զարմացած են կատարվածից:

Գայանեի 9-ամյա դստեր` Անահիտ Հարությունյանի հաճախած թիվ 192 դպրոցի տնօրեն Ալլա Թադեւոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այցելել է Գայանեի հայրական տուն, եւ պատմեց, որ կնոջ հարազատները դեռ ոչինչ չգիտեին դեպքի մանրամասների մասին:

«Հարազատներն ասում էին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն, միայն լացում էին, ողբում իրենց կորուստը: Դեռ նույնիսկ չգիտենք, թե հոգեհանգիստն ու թաղման արարողությունը երբ է լինելու, քանի որ քննչական գործողությունները չեն ավարտվել»,-հավելեց դպրոցի տնօրենը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 1981թ. ծնված Գ.Հարությունյանի եւ նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: