Սերժ Սարգսյանը ներե՞լ է համայնքների փողերն իրենց տուն տանող համայնքապետերին

Feb 19, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը ներե՞լ է համայնքների փողերն իրենց տուն տանող համայնքապետերին

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Լոքյանը մասնավորապես անդրադարձել է անցած տարեսկզբին և տարեվերջին  տրված հանձնարարականների կատարմանը՝ նշելով, որ Նախագահի կողմից շեշտադրված ոլորտի առավել կարևոր հիմնախնդիրներն ու աշխատանքի առաջնահերթ ուղղությունները ներառվել են մարզերի և համայնքների տարեկան ծրագրերում։ Հիշեցնենք, որ  տարեվերջին՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանը շատ խիստ տոնով էր խոսել համայնքապետերի հետ՝  ընդհուպ մինչև նրանց ամոթանք էր տվել համայնքի բյուջեն թալանելու համար: Սերժ Սարգսյանը լավ աշխատելու պահանջ է դրել համայնքապետերի առջև և նախատել նրանց. «Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ,- ասել է նա և հավելել, որ նրանք, ովքեր  լավ չեն աշխատի, ներման չեն արժանանա, ներողամիտ լինելու ժամանակներն անցել են.

«Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»,- շեշտել էր Սերժ Սարգսյանը: Նա նաև համայնքապետերից պահանջել է զարգացման ծրագրեր՝ հիշեցնելով, որ մարզի զարգացման պատասխանատուն մարզպետն է, համայնքինը՝ համայնքապետը:

Դիլիջանում հնչած հայտնի ելույթից անցել է 2 ամիս: Ենթադրաբար, առանց լուրջ հիմքերի, նախագահը հրապարակավ չէր հայտարարի, թե ինքը տեղյակ է համայնքապետերի անօրինական գործողություններից: Հետաքրքիր է՝ ի՞նչ է արվել Սերժ Սարգսյանի նախատինքներին ի կատարումն, որտե՞ղ են հիմա մեր բնակչության փողերը իրենց տուն տանող համայնքապետերը: Նրանք այլևս չե՞ն ուտում համայնքի բյուջեն: Համենայն դեպս, եթե Սերժ Սարգսյանն իսկապես պահել է խոստումը և հունվարից հետո այլևս որևէ մարզպետ կամ նախարարի կողմից որևէ համայնքապետի կողմից ներելու միջնորդություն չի ընդունել, կնշանակի հունվարից հետո կա՛մ որոշ համայնքապետեր պետք է հայտնված լինեին ճաղերից այն կողմ, որովհետև հազիվ թե միանգամից բոլորը հրաժարված լինեին համայնքի փողերը մսխելու վաղեմի սովորույթից, կա՛մ էլ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը բոլորի համար գլոբալ համաներում է հայտարարել:

Համենայն դեպս, Դավիթ Լոքյանի խոսքից ամենևին չերևաց, թե այս ընթացքում քանի ՀՀԿ-ական համայնքապետ է (համայնքապետերի ավելի քան 90 տոկոսը ՀՀԿ-ական են) պատասխանատվության ենթարկվել կամ էլ համայնքի բյուջե վերադարձրել գողացված փողերը:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: