Սերժ Սարգսյանի նոր գերհզոր կառույցը

Feb 18, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի նոր գերհզոր կառույցը

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը մտադիր է հզոր վերահսկողական ծառայություն ստեղծել: Խոսքն այնպիսի մի կառույցի մասին է, որն իր մեջ ներառելու է նախկին նախագահի վերահսկողական ծառայության, ինչպես նաև վարչապետի և ֆինանսների նախարարության վերահսկողությունները:

e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որի հիմնավորման մեջ նշվում է, ո ր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր սահմանադրությամբ  հանրապետության նախագահը չունի վերահսկողական լիազորություններ, ուստի Նախագահի վերահսկողական ծառայության անհրաժեշտությունը բացակայում է: Փոխարենը նոր սահմանադրությամբ ընդլայնվել են վարչապետի վերահսկողական լիազորությունները պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ, որի արդյունավետ իրականացմամբ էլ պայմանավորված է պետական նոր գերհզոր կառույցի՝ վերահսկողական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը:

Նորաստեղծ կառույցը ղեկավարում է Ծառայության ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին: Նա ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը` ղեկավարի առաջարկությամբ: Վերահսկողական ծառայության ղեկավարն ունենալու է լայն լիազորություններ, մասնավորապես ծառայության ղեկավարը այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ. կատարում է Վարչապետի առանձին հանձնարարականներ:

Նախագծում սահմանաված են ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները: Ըստ այդմ՝ նրանք դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և դատողություններ կատարելիս չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:

Ծառայության աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:

Պետական վերահսկողական ծառայությունն իրավասու է ուսումնասիրություններ անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, հետևելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքին, ինչպես նաև վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ։

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկելու է նաև ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց և ընդհուպ մինչև Կենտրոնական բանկի գործունեությունը: Հատկապես ԿԲ-ի առումով սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև ԿԲ-ն, որպես այդպիսին, համարվում է անկախ մարմին:

Վերահսկողական ծառայության ղեկավարին տրվում են լայն լիազորություններ ուսումնասիրվող կառույց մուտք գործելու, ուսումնասիրություններ կատարելու համար։ Նա վարչապետի կողմից սահմանված կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին, ինչպես նաև ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ այդ թվում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ։ Բացի այդ՝ կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (նաև՝ էլեկտրոնային) հետազոտում, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետն այժմ Հովհաննես Հովսեփյանն է, ով էլ համարվում է նոր գերհզոր կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: