ՀՀԿ-ում համաձայն չեն Սերժ Սարգսյանի հետ

Feb 18, 2018 Comments Off on ՀՀԿ-ում համաձայն չեն Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ-ն 38 դեմ եւ 35 կողմ ձայներով չընդունեց «Ելքի» նախագիծը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին: Հիշեցնենք, որ այս նախագծով խորհրդարանական ընդդիմությունը պահանջում էր հետ վերադարձնել ակցիզային հարկի և եկամտահարկի նախկին դրույքաչափերը, որպեսզի գնաճը չեղարկվի: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առնվազն երկու գումարման ԱԺ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որ ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրել, եւ նիստը կայացել է: Սա ոչ թե ուզում եմ ասել, որ ՀԱԿ-ը չկարողացավ, Ելքը կարողացավ, ոչ, դա զբոսանքի եւ ոչ զբոսանքի ամպլիտուդն էր»:

Փաշինյանը նկատի ուներ Ելք-ի նախաձեռնած երթը, որը ՀԱԿ շրջանակների կողմից գնահատվեց իբրեւ զբոսանք մայրաքաղաքի փողոցներով, այդ շրջանակներից հեգնում էին, թե մի քանի հարյուր հոգանոց զբոսանքը թերեւս զրո արդյունք է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ մարդիկ կհիասթափվեն իրենցից, թե ոչ, քանի որ, չնայած արտահերթ նիստին, իշխանությունները մնացին իրենց տեսակետին եւ ընդունեցին փոփոխությունների նախագիծը։ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիներն ազատ են գնահատելու, եթե առիթ ունեն, կարող են հիասթափվել, բայց իրենցից հիասթափվելու առիթ չունեն. «Ճաշակի հարց է»:

Նա ասաց, որ չի բացառում, որ իրենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արած լինեն կամ գուցե կրկին անեն: Փաշինյանը ներողություն խնդրեց ու խոստացավ փոխվել, եթե որեւէ մեկին էլ հիասթափեցրել է։ Իսկ արտահերթ նիստին ՀՀԿ-ականները թեպետ ապահովեցին քվորում, սակայն քննարկումը զավեշտի վերածեցին։ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հարցրեց՝ դուք միշտ դեմ եք լինում, երբ 24 ժամում օրենք են ընդունում, բա դուք ինչո՞ւ եք ուզում 24 ժամում այն ընդունել, հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ թե միշտ են դեմ եղել, այլ դեմ են եղել մի շարք դեպքերում, բայց խնդրո առարկա հարցը արդեն մի քանի ամիս է քննարկվում է: Թանկացումների հարցը Փաշինյանի խոսքով՝ հրատապ է, եւ գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար մի խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ սեղմված գազով մատուցվում են հիմնականում ուղեւորափոխադրումները, մատուցվող ծառայությունների սակագները չեն փոխվել եւ չեն էլ փոխվելու, հետեւաբար սեղմված գազի գնի բարձրացումն իր հետեւից այլ թանկացումների չի բերի: Բենզինի գինը, թեեւ բարձրացել է, բայց դա, ըստ Հարությունյանի, անհատական մեքենաների օգտագործման համար է, հետեւաբար պարենային ապրանքների գների աճին այս թանկացումը չի բերելու: Գյուղացիական տնտեսությունների վրա դիզվառելիքի թանկացումը կազդի, բայց այդ մասով էլ կառավարությունը կոնկրետ քայլեր է անում՝ գյուղացիական տնտեսությունների համար խնդիրը կոմպենսացնելու. «Ես փորձեցի ներկայացնել իրական վիճակը, հետեւաբար Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չէր կարող բերել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների աճին, որի մասին խոսվում է»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ «Ելքի» նախագծով այն քաղաքացիները, որոնք ցածր աշխատավարձ են ստանում, ընդամենը 3000 հազար դրամի օգուտ են ստանալու, իսկ բարձր եկամուտ ունեցողները՝ 9000 դրամի, արդյոք սա արդարացված է՞: «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ ասում եք, որ պետք է քաղաքացիների եկամուտներն ավելացնել եւ դա է միակ միջոցը՝ գնաճի դեմ պայքարելու, դուք ի՞նչ եք արել՝ քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ՝ որպես քաղաքական մեծամասնություն, մենք եկամուտներն ավելացնելու նախագիծ ենք բերել, դուք մերժում եք, դուք ի՞նչ եք նախաձեռնել մենաշնորհների դեմ պայքարի հարցում: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անընդունելի է, այն պետք է բացառապես արտադրողականության աճով պայմանավորված լինի, արհեստական եկամուտների ավելացումը բերելու է գնաճի։ Էդմոն Մարուքյանն էլ Խոսրով Հարությունյանին հիշեցրեց, որ ապրանքների տեղափոխումը, բեռնափոխադրումը դիզվառելիքով է լինում, դա անդրադառնում է բեռնափոխադրվող ապրանքների վրա 20 տոկոսով․«Ինչու դրա մասին չեք խոսում, միայն գյուղատնտեսության համար եք ասում»: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ գյուղատնտեսության դեպքում ինքնարժեքի վրա է անդրադառնում: Նա ասաց, որ ֆինանսիստները դրան կանդրադառնան: Փաշինյանն ասել էր, որ ապրանքները իրականում թանկացել են ոչ թե 2,6 տոկոսով, այլ՝ 21,9: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը զուսպ սպառող է եւ թանկացումը զգում է, որ ոչ թե 21,9 տոկոս է, այլ՝ 40 եւ ավելի. «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում, ասում եք սոցիալական խավին աջակցենք, ինչո՞վ, 1000 դրամ տա՞նք: Դա ամենաողորմելի ինստիտուտն է, աջակցությունը վերջանում է 1000 դրամով: Ու այդպես չհուզվեք, թե բյուջեում փող չկա, փող չկա՝ լավ չեք աշխատում, ես էլ, դուք էլ, կարելի՞ է ժողովրդին սպանելով բերել իբր թե բյուջե լցնել՝ էլի ռացիոնալ չօգտագործելով»:

Ինչ է ստացվում, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ընդունում է գնաճի առկայությունը, այլապես շաբաթներ առաջ խորհրդակցություն չէր հրավիրի գնաճի թեմայով եւ հրահանգի համապատասխան ուսումնասիրություններ կատարել ու լուծումներ առաջարկել, իսկ ՀՀԿ-ականները՝ ոչ։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: