Մոսկվան նկատել է Ալիևի «զառանցանքը». իսկ ե՞րբ կսաստի «Երևանն ու Զանգեզուրը գրավող» Ալիևին

Feb 18, 2018 Comments Off on Մոսկվան նկատել է Ալիևի «զառանցանքը». իսկ ե՞րբ կսաստի «Երևանն ու Զանգեզուրը գրավող» Ալիևին

Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա իր լուծումը, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք հույս ունեք, որ այդ հակամարտությունը կստանա իր լուծումը: Եվ, ինչպես դուք գիտեք, մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում, իսկ ամենակարևորը՝ ակտիվորեն մասնակցում ենք այն ամենի իրականացմանը, ինչ նախանշել են կողմերը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ ինչպես կարող են ազդել հակամարտության վրա 2018թ. ընտրությունները Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:

Այսպես, Մոսկվան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը, ավելին՝ նման «հույս» է տեսնում:

Բացի այդ, Զախարովան մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել: Մոսկվան, փաստացի երկրի ԱԳՆ-ի մակարդակով անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:

Նույն ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

Առաջին հայացքից, իհարկե, Մոսկվայի արձագանքը կարելի է դրական փաստ համարել, այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը անդրադառնում է Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը գրավելու» հայտնի հայտարարությանը:

Բայց Ռուսաստանը նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հետևաբար արձագանքը պետք է լիներ շատ ավելի կոշտ ու խիստ: Բայց մենք ընդամենը լսում ենք հայտարարություն, թե Ալիևի նշյալ ելույթը «ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»:

Առհասարակ, հայկական դիվանագիտությունն այստեղ անելիք ունի. Ալիևի հայտարարությունից հետո թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություններից, թե այլ երկրներից պետք էր ստանալ, եթե ոչ դատապարտող, ապա Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման կոչ անող հայտարարություններ: Սակայն մենք այս ուղղությամբ, կարծես, որևէ արդյունքի չենք հասել:

Փաստացի միակ բացառությունն առայժմ Ռուսաստանն է, որը Զախարովայի մակարդակով անդրադարձավ Ալիևի՝ «զառանցանքին»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: