Ի՞նչ են խոսել 3 ժամ առանց թարգմանիչի, ի՞նչ է որոշվում ՀՀ սահմանակից երկրի շուրջ

Feb 18, 2018 Comments Off on Ի՞նչ են խոսել 3 ժամ առանց թարգմանիչի, ի՞նչ է որոշվում ՀՀ սահմանակից երկրի շուրջ

ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Արևելյան Եվրոպայում

Վերջերս ԱՄՆ-ը հայտնել էր, որ պատրաստվում է ավելի քան 200 մլն դոլար ծախսել հիմնականում Արևելյան Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ռազմական օբյեկտների մոդեռնիզացման ու վերականգնման վրա: Օրերս ամենաբարձր  մակարդակով հայտարարվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները ավելացնում են ռազմական ծախսերը

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Եվրոպայում և կարծում, որ դա ոգեշնչում է եվրոպացի գործընկերներին ինքնուրույն ավելի մեծ ջանքեր գործադրել ռազմական ոլորտում, օրերս հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման ծրագրերը՝ ինչպես անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի տեսքով… Դա խթանիչ գործոն է եվրոպացիների համար՝ անել ավելին»,- ասել է Սթոլթեբերգը: Ընդ որում, Սթոլթենբերգը նշել է, որ ԱՄՆ ներկայության ավելացումն իրականացվում է ռազմական ոլորտում եվրոպական երկրների սեփական ջանքերի ավելացմանը զուգահեռ: «Մեր երկրներին անվտանգ պահելու համար ռազմական ծախսերի ավելացման կարիք ունենք», ասել է նա:

Իսկ օրերս ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, որը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ եվրոպական դաշնակիցների վրա ճնշում է գործադրել ռազմական ծախսերը ավելացնելու համար: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենն ասել է, որ վերջին տարիներին Գերմանիան այդ ուղղությամբ մեծ ճանապարհ է անցել՝ ոչ միայն դադարեցվել է ռազմական ծախսերի կրճատման գործընթացը, այլև 20 տոկոսով ավելացվել է ՆԱՏՕ-ին հատկացվող ֆինանսական միջոցները:

Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում

ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման ֆոնին այսօր կայացավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Ի դեպ, CNN-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թիլերսոնի ու Էրդողանի բանակցություններն անց են կացվել երեք ժամից ավելի՝ առանց թարգմանիչի, որպես թարգմանիչ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն օրերս Հորդանանում ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ` մինչև Անկարա ժամանելը: ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում: «Մենք կարիք ունենք նույն ուղղությամբ գործելու շարունակությունը գտնել»,- ասել է նա, ընդգծելով որ վերջնական նպատակը՝ Սիրիայում «Իսլամական պետությանը» պարտության մատնելն է:

ԱՄՆ պետքարտուղար՝ Թուրքիա այցի ֆոնին, արդեն իսկ պարզ էր, որ բավական բարդ բանակցություններ են տեղի ունենալու: Բանակցությունների հիմնական թեման Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում հունվարի 20-ին մեկնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունն է, որի նպատակն է վերահսկողություն սահմանել քրդաբնակ Աֆրին նահանգի հանդեպ: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե ամերիկյան իշխանություններն անում են հնարավորը Սիրիայի հյուսիսում արյունահեղությանը վերջ տալու նպատակով, թուրքական բանակը Աֆրինում ծավալված գործողությունը դադարեցնելու մտադրություն չունի:

Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը օրերս ճեպազրույցում չթաքցրեց այն իրողությունը, որ թուրք-ամերիկյան դիվանագիտական շփումների առկայությունն ինքնին Վաշինգտոնում որպես լուրջ առաջընթաց են դիտարկում: «Առաջընթացի ցուցիչներից մեկն էլ այն է, որ պետքարտուղարն անձամբ է մեկնում Թուրքիա: Դա վկայում է, թե այս հարցը որքան մեծ կարևորություն ունի մեզ համար: Օրերս Թուրքիա էր մեկնել Ազգային անվտանգության գծով խորհրդական գեներալ ՄըքՄասթերը։ Թուրքական կառավարության հետ ամենօրյա ռեժիմով աշխատում են նաև մեր փորձագետները: Սպիտակ տունը և ամերիկյան կառավարությունը [Աֆրինի] խնդրի վերաբերյալ լուրջ մտահոգություններ ունեն և չեն ցանկանում այնտեղ հետագա բռնությունների և իրադրության սրման ականատեսը դառնալ», – հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` նշելով նաև, որ Վաշինգտոնն ու Անկարան առաջիկա բանակցությունների ընթացքում պետք է փորձեն փոխշահավետ լուծում գտնել: «Պետքարտուղարը նախագահ Էրդողանին շատ հստակորեն մատնանշել է մեր մտահոգությունները: Անվտանգությանը վերաբերող Թուրքիայի մտավախությունները ևս լիովին արդարացված են, մենք հասկանում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում գործող մեր դաշնակիցը հանդիսանալով մտահոգություններ ունի Սիրիայում գործող որոշ ուժերի հետ կապված: Մենք ցանկանում ենք այդ թեման քննարկել թուրքական կողմի հետ, ցանկանում ենք այնպիսի լուծում գտնել, որը ընդունելի կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայում գործող ուժերի, Միացյալ Նահանգների, մյուսների համար», – նշում էր Հիթեր Նաուերթը:

Հավելենք, որ թուրքական և ամերիկյան մամուլի վերջին օրերի հրապարակումների համաձայն, պետքարտուղար Թիլերսոնի բանակցությունների կարևորագույն թեմաներից մեկը լինելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում ստեղծված կացությունը: Անկարան արդեն իսկ հայտարարել է, որ Մանբիջը դառնալու է «Ձիթենու ճյուղ» գործողության հաջորդ թիրախը: Այստեղ, սակայն, ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված: Թուրքական իշխանությունները Վաշինգտոնից պահանջում են դուրս բերել ամերիկացի զինվորականներին` հնարավոր բախումներից խուսափելու համար: Այս շաբաթ Պենտագոնը ևս մեկ անգամ վերահաստատեց ամերիկյան կողմի դիրքորոշումը` իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում ամերիկացի զինծառայողները շարունակելու են մնալ Մանբիջում:

Թուրքիան պահանջում է դուրս բերել քրդական ջոկատները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցը մեկնարկի երկու երկրների դիվանագետներն ու պետական գործիչները չեն էլ թաքցնում, որ ամերիկյան պետքարտուղարության ղեկավարին Թուրքիայի մայրաքաղաքում բավական բարդ բանակցություններ են սպասում:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթդին Ջանըքլըն հանդիպեց Բրյուսելում գտնվող մի խումբ թուրք լրագրողների հետ` հայտարարելով, թե Անկարան ամերիկյան իշխանություններին հստակ պայմաններ է առաջադրել, որոնց կատարումն, ըստ Անկարայի, հնարավորոթյուն կտա կարգավորել խորը ճգնաժամում գտնվող երկկողմ հարաբերությունները: «Մենք խնդրել ենք Միացյալ Նահանգների կառավարությանը՝ վերջ տալ Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղեր հանդիսացող ահաբեկչական կառույցներին` «Ժողովրդական պաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը ցուցաբերվող ցանկացած տեսակի օգնությանը: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի այդ կառույցները դուրս բերվեն «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմից»-հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հարկ է նկատել, սակայն, որ «Իսլամական պետության» ջախջախման մեջ առանցքային դեր խաղացած և ամերիկացիների աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կորիզը հենց քրդական ջոկատներն են: Նուրեթդին Ջանըքլըն նաև նշում էր, որ Անկարան լուրջ ակնկալիքներ ունի, թե պաշտոնական Վաշինգտոնն ի վերջո արմատապես կվերանայի Թուրքիայի հանդեպ վերջին շրջանում որդեգրած իր քաղաքականությունը:

«Այս հանդիպման ընթացքում մենք նաև բարձրաձայնել ենք մեր այն ակնկալիքը, որ ԱՄՆ-ը ցանկացած դեպքում, երբ վտանգված է Թուրքիայի ազգային անվտանգությունը, մեզ առանց վարանելու աջակցություն կհայտնեն: Մենք նաև մեր մտահոգությունը հայտնեցինք ամերիկացի որոշ պաշտոնյաների ու գեներալների` Թուրքիայի անվտանգությանը վերաբերող վերջին հայտարարությունների առթիվ»,- նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` ըստ ամենայնի ակնարկելով ամերիկացի զինվորականների և դիվանագետների այն պնդումները, որոնց համաձայն՝ Մանբիջ քաղաքի ուղղությամբ թուրքական հարձակման դեպքում անգամ սիրիական այդ քաղաքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները դուրս չեն բերվի:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին ևս անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ծավալված իրադարձություններին` հույս հայտնելով, որ Թուրքիան այսուհետ հիմնական ուժերը կկենտրոնացնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի վրա: Դրա հետ մեկտեղ Մեթիսը պնդում էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հաշվի առնել Թուրքիայի շահերը տարածաշրջանում: «Կարծում եմ, որ մենք բոլորս հրաշալի կերպով հասկանում ենք, որ NATO-ի անդամ պետություններից, դաշնակիցներից միայն մեկն է, որ սեփական տարածքում բախվել է ապստամբական գործողությունների: Հյուսիս-ատլանտյան դաշինքը, ԱՄՆ-ը Թուրքիայի կողքին է, երբ այդ պետությունն անվտանգությանը վերաբերող լիովին արդարացված մտավախություններ է հայտնում: Պետք է հասկանալ,որ Թուրքիան սահմանակից է Սիրիային` այն ողջ քաոսային իրավիճակով հանդերձ, որ առկա է այդ երկրում», նշում էր ԱՄՆ-ի Պնախարարը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: