ԱՄՆ հետախուզությունը ԼՂ պատերազմ է կանխատեսում. Ո՞ւմ «դաբրոյով»

Feb 18, 2018 Comments Off on ԱՄՆ հետախուզությունը ԼՂ պատերազմ է կանխատեսում. Ո՞ւմ «դաբրոյով»

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառում, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է է՛լ ավելի սրվել: Այս մասին նշված է Վաշինգտոնում` Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում ներկայացված զեկույցում:

«Համաշխարհային սպառնալիքների գնահատում» կոչվող ծավալուն այս փաստաթուղթը ամերիկացի օրենսդիրներին ներկայացրել է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:

Զեկույցում Լեռնային Ղարաբաղին Ագզային հետախուզության փորձագետները ընդամենը մեկ պարբերություն են հատկացրել․ – «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերը խուսափում են փոխզիջումներից և բախվում են աճող ներքին ճնշմանը: Ռազմական արդիականացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող ջանքերը և Հայաստանի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումը այն գործոններն են, որոնց հետևանքով լայնածավալ բախումների վտանգը 2018-ին պահպանվելու է»:

Իհարկե, պատերազմի բռնկման հավանականությունը ոչ ոք չի բացառում, մանավանդ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Այսօր էլ այդ վտանգը պահպանվում է, և ահազանգի ուղիղ առիթ էր Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունը՝ Երևանն ու Զանգեզուրը «գրավելու» մասին:

Պատերազմը շարունակում է հավանական մնալ, քանի դեռ Ալիևը խուսափում է բանակցություններում կառուցողական դիրքորոշում որդեգրել ու նրա միակ նպատակը բանակցությունները տապալելն՝ այլ «ճանապարհ» նրան չի մնացել:

Ու այստեղ է, որ հարց է գալիս՝ ո՞ր դեպքում Ալիևը կարող է գնալ նման արկածախնդրության…

Իհարկե, եթե ունենա «դաբրո»: Իսկ ո՞ւմ դաբրոն…

Հարցն, իհարկե, հռետորական է: Բոլորի համար պարզ է, որ Թուրքիայից ու Ռուսաստանից նման «դաբրոյի» պարագայում միայն Ալիևը կարող է գնալ նոր պատերազմի:

Թերևս, հենց սա են ցանկացել ցույց տալ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները՝ չբացառելով պատերազմի հավանականությունը 2018-ին:

Ինչևէ, հրապարակված զեկույցում ամերիկացի հետախույզները բավական մանրամասնորեն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին` հանդես գալով մի շարք կանխատեսումներով:

«Թուրքիան փորձելու է խոչընդոտել քրդերի մերձավորարևելյան հավակնությունները: Թուրքական ներխուժումը հյուսիսային Սիրիա վտանգում է «Իսլամական պետության» դեմ շարունակվող տարածաշրջանային գործողությունների ընթացքը: Բացի այդ, [Թուրքիայի քայլերը] մեծացնում են այս շրջանում տեղակայված ամերիկյան ուժերի համար առկա ռիսկերը», – նշում է Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:

Խոսելով Վրաստանում ստեղծված կացության մասին, ամերիկյան Ազգային հետախուզության փորձագետները երկու հիմնական խնդիրներ են առանձնացնում` Ռուսաստանի հետ հարաբերությունները և փոփոխությունների ենթարկվող ներքաղաքական միջավայրը: «Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակվող ռուսական օկուպացիան և այդ երկրի արևմտյան ինտեգրացիոն ձգտումների խափանմանն ուղղված [Մոսկվայի] ջանքերը շարունակելու են Թբիլիսիի համար անվտանգության ասպարեզում առաջնային սպառնալիք հանդիսանալ», – նշում են զեկույցի հեղինակները` նաև պնդելով․ – «Մեծ է հավանականությունը, որ իշխող «Վրացական երազանքը» առաջիկայում կփորձի քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում ընդդիմությունը վերջնականապես կհայտնվի անելանելի վիճակում: Չի բացառվում նաև, որ «Վրացական երազանքը» փորձի նվազեցնել իր իշխանության ինստիտուցիոնալ սահմանափակումները», – նշված է զեկույցում:

Ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը Սենատում կազմակերպված լսումների ժամանակ չէր կարող շրջանցել նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների և Ռուսաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների թեմաները:

Քոաթսի կանխատեսումները բավական հոռետեսական են․ – «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավել ավտորիտար մարտավարություն կորդեգրի` ուժեղացնելով վերահսկողությունը իշխանության առջև ծառացած մարտահրավերների ֆոնին: Ռուսաստանը կշարունակի օգտագործել քարոզչական հնարքները, սոցիալական մեդիան, հանրության ուշադրությունը շեղելուն ուղղված գործողությունները, [Ռուսաստանի հանդեպ] համակրանք տածող հանրային գործիչներին` փորձելով խորացնել Միացյալ Նահանգներում առկա սոցիալական և քաղաքական պառակտումները: Կասկած չկա, որ իր վերջին ջանքերը Ռուսաստանը հաջողված է գնահատում, և 2018-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրությունները դիտարկվում որպես Ռուսաստանի ազդեցության աճին ուղղված գործողությունների հեռանկարային թիրախ»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: