Սահմանադրական եւս մեկ պահանջ, որին չի համապատասխանում Արմեն Սարգսյանը

Feb 15, 2018 Comments Off on Սահմանադրական եւս մեկ պահանջ, որին չի համապատասխանում Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը չնայած երեկ հայտարարեց , որ որոշում է կայացրել ու պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ  շարունակում է իր վոյաժները, նրա հերթական կանգառը Սինոփսիս  ընկերությունում էր:

Հիշեցնենք, որ  երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, որ ցանկանում է հանդիպել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խմբերի, մտավորականների հետ և նոր միայն պատասխան տալ այդ առաջարկին: Հանդիպումներն ավարտված չէին, երբ հանկարծ թեկնածուն խոստովանեց, որ արդեն որոշում կայացրել է: «Առաջիկայում ես կհանդիպեմ ՀՀ նախագահի հետ: Ես պատրաստ եմ այդ հանդիպմանը»:  Նա  վստահեցրեց, որ  այս պահին հստակ պատկերացումներ ունի ոչ միայն Սահմանդրությամբ ամրագրված իր լիազորությունների մասին, այլև այն խնդիրների ու հնարավոր լուծումների, որոնց մասին յուրաքանչյուր հայ մարդ ցավում է: Թե ինչպես նախագահի թեկնածուն կայացրեց իր որոշումը, երբ դեռ հանդիպումները չեն ավարտվել, սրա մասին թերեւս պետք է խոսի ինքը եւ տա բացատրություն այն մարդկանց, որոնց հետ դեռ հանդիպում է սպասվում, սակայն , երբ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ այլեւս հստակ պատրեկացում ունի իր լիազորությունների եւ երկրում առկա խնդիրների մասին, չենք կարող կասկածի տակ չվերցնել:

Այսպիսով՝ մինչ արդեն երկու օր է Երեւանի ավագանիում կատարված միջադեպը գրավել է ոչ միան հայ հանրության ողջ ուշադրությունը, այլեւ անտարբեր չի թողել անգամ միջազգային լրատվամիջոցներին, արեւմուտքից եկած թեկնածուն երկրորդ օրն էլ վստահեցնում է, թե ինքը տեղյակ չէ միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ հրոսակախումբը բռնություն կիրառեց Երկիր Ծիրանիի անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ով Նուբարաշենի բնակիչների բողոքի ձայնը լսելի դարձնելու համար կոյուղաջրերով էր ողողել նիստերի դահլիճը, որպեսզի  ՀՀԿ-ականներն իրենց մաշկի վրա զգային այն, ինչ տարիներ շարունակ նուբարաշենցիները: «Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում, ճիշտն ասած լրիվ ներգրավված էի։ Ամբողջությամբ այդ քաղաքի մեջ էի՝ իր դժվարություններով, ցավերով, պատմությամբ, հաջողություններով», – սրտաճմլիկ ներկայացրեց  Արմեն Սարգսյանը եւ խոսակցության հունը կեղտաջրերից ուրիշ կողմ շեղելու  նպատակով լալահառաչ ձայնով պատմեց, թե  Գյումրիում մի ծեր մարդ իր դժվարությունների մասին է պատմել իրեն և խնդրել դրանք հաղորդել երկրի ղեկավարին։«Ես պատրաստվում եմ անել, իհարկե»:

Այդուհանդերձ, նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է։«Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության՝ քննարկման տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ»:  Ավելին , քան այս լղոզված պատասխաններն են, իհարկե, չէինք էլ ակնկալում Արմեն Սարգսյանից, ի վերջո, նա ՀՀԿ-ի թեկնածուն է, մեկը նրանցից, որը բնականաբար չի տեսնում ու չի լսում մի բան, որը ցանկալի չէ:

Հետաքրքիր է, եթե այսօր թեկնածուն անտեղյակ է երկրում կատարվող ամենաաղմկահարույց միջադեպերից, ապա ի՞նչ ակնկալել նրանից վաղը, ինչպես հավատալ մեզ հրամցվող այն <<կտերին>>, թե ապագա եւ անկուսակցական նախագահը արբիտրի դեր է կատարելու, ստանձնելու  է Սահմանադրության իրականացման երաշխավորի դերը:

Ստացվում է,որ կա  սահմանադրական եւս մեկ պահանջ, որին չի համապատասխանում Սարգսյանը, դա ՀՀ նախագահի համար անկուսակցական լինելու պարտադիր պահանջն է: Արմեն Սարգսյանը դե ֆակտո ՀՀԿ-ական է, դե յուրե ՝ անկուսակցական:

Հիշեցնենք, որ կասկածի տակ է դրվում նաեւ նրա՝   վեց տարի ՀՀ-ում մշտական բնակության եւ վերջին վեց տարվա ընթացքում բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսանալու իրողությունները:

Ի դեպ, սա դեռ ամենը չէ, պազվում է, որ թեկնածուն ոչ միայն զտարյուն ՀՀԿ-ական է, այլեւ սնոտիապաշտ, նա Սինոփսիսում  տրորեց մեկի ոտքը ու պարտադրեց կրկնել նույնն իր հետ, որպեսզի  հանկարծ չկռվեն: Եթե սա   է եվրոպաներում ապրած լիբերալի մտածողությունը, վայն եկել է ու մեզ տարել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: