Վարչապետի փեսան փորձել է Իրանի դեսպանին սուտ հանել. Ժողովուրդ

Feb 14, 2018 Comments Off on Վարչապետի փեսան փորձել է Իրանի դեսպանին սուտ հանել. Ժողովուրդ

ՀՀ իշխանություններն արձագանքեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի` նախօրեի հայտարարություններին: Դեսպանը, հիշեցնենք, ասել էր, թե Իրանը պատրաստ է Հայաստանին հարմար գնով գազ վաճառել, եւ որ այդ հարցով քննարկումներ են ընթանում: Մինչդեռ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը երեկ նշել է. «Հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»: Նա նաեւ կոչ է արել լրագրողներին դեսպանից հետաքրքրվել, թե ինչ ասել է՝ «հարմար գին»:

«Երբ մենք ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք: Այնպես չէ, որ մշտապես այդ հարցը մեր օրակարգում չէ, Իրանն էլ է շահագրգռված իր գազի արտահանման ծավալները ավելացնելու ուղղությամբ, իսկ մենք շահագրգռված ենք ավելի մատչելի գազ ձեռք բերելու, քաղաքական խնդիր չկա»,- պնդել է փոխնախարարը:

Ուշագրավն այն է, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իրանցի առաջին դիվանագետը չէ, որ խոսում է Հայաստանին էժան գազ մատակարարելու պատրաստակամության մասին: Նրա նախորդը՝ Մոհամմադ Ռեյիսին, դեռ 2013թ. նշել էր, որ ՀՀ-ն Իրանից գազ ներկրելու շուրջ երբեք չի բանակցել, մինչդեռ իրենք կարող էին գազը վաճառել անգամ 100 դոլարով: Դրանից հետո ՀՀ էներգետիկայի նախկին նախարարները՝ Արմեն Մովսիսյանն ու Երվանդ Զախարյանը, փորձում էին արդարանալ` ասելով՝ Իրանի հետ չեն բանակցել, քանի որ ՌԴ-ից բացի` որեւէ մեկը ՀՀ-ին էժան գազ չի կարող տալ: Հիմա նույն կերպ փոխնախարար Հարությունյանն է փորձում Իրանի դեսպանին «սխալ հանել»` պնդելով, որ իրանական կողմը ՀՀ-ին էժան գազ վաճառելու առաջարկ չի արել: Նկատենք՝ հայկական կողմի արձագանքը մի տեսակ հավատ չի ներշնչում:

Մանրամասները՝ armlur.am-ում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: