Ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած

Feb 14, 2018 Comments Off on Ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում կատարվածին որակում տալն իսկապես դժվար է: Չնայած հայերենը հարուստ լեզու է, սակայն բառերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին իրենց պատկերացումների շրջանակներում բարձրացնել Նուբարաշեն համայնքի խնդիրը` կոյուղաջրերով տարաները «նվիրելով» քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը, տեսնելով նիստի ժամանակ այդ տարաներով իրեն մոտեցող ավագանու անդամներին, սկսեց իրար խառնվել` հրահանգելով. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»: Ու ավագանու կին անդամների վրա հարձակվեցին քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով իրենց անձը զոհելով` փրկել շեֆին գարշահոտությունը մի քանի րոպեով շնչելու անախորժությունից:

Չստացվեց. կոյուղաջրերը լցվեցին քաղաքապետի սեղանին, հոտը տարածվեց ողջ դահլիճում, եւ իշխանավորները մի պահ զգացին այն, ինչ ամեն օր զգում ու շնչում են նուբարաշենցիները: Հետո ավագանու նիստում սկսվեց ծեծկռտուք. ՀՀԿ-ականները՝ տղամարդիկ, հարձակվեցին, ապտակեցին «Երկիր ծիրանիի» կանանց` քաշքշելով նրանց մազերից, իհարկե, ստանալով մի քանի պատասխան ապտակ: «Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանն իր ենթակաների վրա խիստ բարկացել է, որ չեն կարողացել ժամանակին ավագանու անդամների «դեմն առնել» եւ չեն կարողացել կանխել, որ կոյուղաջրերը չթափեն: Ամենանողկալին ավագանու ՀՀԿ-ական կանանց պահվածքն էր, երբ հարցազրույցներում արդարացնում էին ընդդիմադիր կին գործընկերներին ծեծելը: Իսկապես, ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: