Ինչից է կախված Բաբլոյանի մնալ-գնալու հարցը

Feb 16, 2018 Չի մեկնաբանվել

Չնայած քաղաքական շրջանակների ողջ ուշադրությունը բեւեռված է դեպի 2018-ի ապրիլ եւ հատկապես, թե ով կդառնա ՀՀ վարչապետ, ով նոր Սահմանադրության եւ կառավարման մոդելի համաձայն, կվերցնի երկրի փաստացի ղեկավարումը պակաս կարեւոր չէ, թե ով է կիրականացնի խորհրդարանի ղեկավարումը։ Թե նոր ձեւավորվելիք կառավարությունից բխող էլ ինչ փոփոխություններ լինեն քաղաքական վերնախավում, ովքեր հրաժեշտ կտան պաշտոններին, ովքեր պաշտոններ կստանձնեն ամբողջովին իր լիազորությունների մեջ մտած պառլամենտական համակարգում, ցույց կտա ժամանակը։ Փոխարենը այսօր կարելի է կանխատեսել ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի մնալու նպատակահարմարության հարցը:

Հիշեցնենք, որ թեեւ Սահմանադրության պահանջով միայն կառավարությունն է մեխանիկորեն լուծարվում Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո, այդուհանդերձ, չեն դադարում լուրերը, որ ԱԺ խոսնակի պաշտոնը կլքի նաեւ Արա Բաբլոյանը։ Սրան զուգահեռ մամուլում հավանական փոխարինողների անուններ են հայտնվում՝ ի դեմս ՀՀԿ-ական փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդուարդ Շարմազանովի:

Սակայն ինչպես նշեցին Նոր Սահմանադրության համաձայն ապրիլի 9-ին, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, կառավարությունը մեխանիկորեն կլուծարվի, բայց ԱԺ նախագահի դեպքում նման պահանջ չկա։ Միայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով է,որ հնարավոր է առաջ գա նաեւ նրա փոփոխության հարցը։ Եթե ամեն բան իր հունով գնա եւ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, կարող ենք չկասկածել, որ նա չի փոխի իր զինակից Բաբլոյանին։ Բանն այն է, որ ԱԺ-ն դառնալու է կառավարության դակիչ մարմինը եւ ով, եթե ոչ Բաբլոյանը կարող է սահուն իրականացնել այդ ամենը, որեւէ մեկի հետ խաղերի ու գործարքների մեջ չմտնել եւ անակնկալներ չմատուցել կառավարությանն ու դրա ղեկավարին: Հավանական թեկնածուներից բոլորին կարելի է կասկածել այդ հարցում, բայց ոչ Բաբլոյանին:

Սակայն եթե Սերժ Սարգսյանը որոշել է կատարել իր խոստումը եւ այլեւս ղեկավար պաշտոն չզբաղեցնել, այլ ստվերային կառավարում իրականացնել, ապա թերեւս Բաբլոյանին հրաժեշտ կտան, ու նրա փոխարեն կնշանակվի քաղաքական ինտրիգներին տիրապետող մեկը, որպեսզի կարողանա հակակշռել ապագա կառավարությանն ու վարչապետին։

Հարկ է նշել, որ Բաբլոյանի նշանակման առաջին իսկ օրից նրան համարում են ժամանակավոր, բայց պաշտոնավարման կարճ ժամանակը ցույց տվեց, որ նա հիմնականում բարեհաջող կերպով իրականացնում է իր պարտականությունները՝ ամենակարեւորը՝ չի տրվում ընդդիմադիրների սադրանքներին եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մտավոր կարողություններ ունի: Նրանից գոհ է նաեւ Սերժ Սարգսյանը եւ այդ մասին մեկ ամիս առաջ բացահայտ արտահայտվեց, երբ նախագահականում հյուրընկալել էր ԱԺ խորհրդին, որի կազմում  է խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ղեկավարը, գնահատելով նորընտիր խորհրդարանի աշխատանքները, իշխող ուժին հորդորեց ավելի զուսպ լինել , փոխարենը գնահատանքի խոսքեր հնչեցրեց Արա Բաբլոյանի հասցեին․ «Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը» ,-մասնավորապես նշել է Ս․Սարգսյանը։

Այնպես որ եթե չլինեն ֆորսմաժորներ՝ այս հարցը կարելի է փակված համարել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչից է կախված Բաբլոյանի մնալ-գնալու հարցը”

Մեկնաբանել