Բռնվեք, գալիս է

Feb 16, 2018 Comments Off on Բռնվեք, գալիս է

«Հայկական վերածնունդի» վերածված ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը չի հանձնվում: Չնայած կյանքը նրան վերջերս տհաճ անակնկալներ է մատուցում, կամ ավելի ճիշտ հատուցում է իր անցյալի համար, սակայն նա չի հանձնվում եւ շարժվում է առաջ:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՎԿ-ի հիմնադիր հինգ կուսակցությունները որոշում են կայացրել առանձնանալ , իսկ այսօր պարզ դարձավ, որ այդ կուսակցությունը արտահերթ համագումար է արել եւ որոշել, որ ՀՎԿ-ն ու ՕԵԿ-ը միավորվում են ու նորից դառնում ՕԵԿ: Իսկ սա նշանակում է, որ իշխանության կողմից մի քանի անգամ տարած, հետ բերած Արթուր Բաղդասարյանը ստարտի է կանգնում, նոր վազքուղի դուրս գալու համար : Թե ինչ ճանապարհ ու ինչերի միջոցով անցավ Արթուր Բաղդասարյանը գիտենք բոլորս, ու գիտենք, որ Բաղդասարյանը քաղաքական դաշտում եղել եւ մնում է անգերազանցելի ճամբարափոխ, ով պատեհ պահին հայտնվում է կամ իշխանության կողքին, կամ ընդդիմության:

Վերջին ռեաբիլիտացիան ապրիլյան ընտրությունների նախաշեմին, երբ մոտ մեկ տասնյակ անհայտ կուսակցություններ միավորվեցին Հայկական վերածնունդ կուսակցության անվան տակ՝ փորձելով ձերբազատվել ՕԵԿ խարանից: Սակայն Սերժ Սարգսյանը անակնկալ մատուցեց իր քաղաքական հոգեզավակին եւ Բաղդասարյանի ղեկավարած ուժը չանցավ խորհրդարան: Թվում էր, թե այդ ամենից հետո պետք է ավարտվեր Արթուր Բաղդասարյանի էպոպեան եւ իր դարն ապրած ու մինչեւ ոսկորները մաշված Սերժ Սարգսյանի հարճը քաղաքական երկնակամարում կնքեր իր մահկանացուն, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը:

Արդեն մի քանի ամիս է տեղեկություններ են շրջում, որ Բաղդասարյանը բարձր պաշտոնի է անցնելու, մեկ փոխվարչապետի, մեկ ՍԴ նախագահի, իհարկե, պարզից էլ պարզ է, որ այդ լուրերը սպրդվում են հենց նրա կողմից ու տեսանելի դարձնում, որ Բաղդասարյանը հանձնվողներից չէ: Դրա վառ ապացույցն է նաեւ ՀՎԿ-ից նորից ՕԵԿ-ի հետողորմեան: Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին: ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկված պատասխանում հայտնվում է, որ ԵԺԿ-ն Հայաստանի կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը:

Բանն այն է, որ սոսկ միֆ է, թե Բաղդասարյանը բազում կուսակցություններ միավորեց իր շուրջ ու դարձավ մեծ դաշինքի առաջնորդ, բանն այն է, որ անգամ հանրության զզվանքն առաջացնող ՕԵԿ-ը որպես քաղաքական ուժ միայնակ ավելի ծանրակշիռ ազդեցություն ուներ, քան այդ ՀՎԿ-ն:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ էր, և երբ այդ կուսակցությունը լուծարվեց, ինքնաբերաբար դադարեցվեց ՕԵԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցությունը: Արթուր Բաղդասարյանին թվում էր, որ եթե ինքը հայտնի, որ «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է, ուղղակի իրենք անունն են փոխել հայ հասարակությանը ֆռռացնելու նպատակով, ՀՎԿ-ին միանգամից կվերցնեն ԵԺԿ: Բայց պարզվեց, որ Եվրոպայում չհավատացին նրա <<կտերին>> եւ մի քանի անգամ մերժեցին ՀՎԿ-ի հայտը ԵԺԿ-ին անդամակցելու վերաբերյալ:

Ավելին մամուլում լուրեր հայտնվեցին, որ ԵԺԿ ուղարկված դիմումը եղել է բավական սրտաճմլիկ: Բացի այն, որ դիմումում հերթական անգամ հիշատակվել է այն փաստը, որ ՀՎԿ-ն նույն «Օրինաց երկիր» կուսակցությունն է, նոր դիմումում հիշատակում է եղել նաև ԵԺԿ նախկին նախագահ՝ հանգուցյալ Վիլֆրիդ Մարթենսին: Բաղդասարյանը գրել է, որ իրենք ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հարցով խոսել են Մարթենսի հետ, և հանգուցյալը իր դրական վերաբերմունքն է արտահայտել խնդրի նկատմամբ: Այսինքն Արթուր Բաղդասարյանը զբաղվել է քաղաքական դիակապտությամբ՝ փորձելով համոզել, որ եթե իրենց մերժեն, ապա դրանով արհամարհած կլինեն ԵԺԿ առաջին նախագահի հիշատակը: Հիմա վերադարձը ՕԵԿ-ին Արթուր Բաղդասարյանի առջեւ նոր հնարավորություն կբացի եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին բարձրանալու քաղաքական հարթակներ, իսկ դրանից դեպի իշխանություն քայլն ավելի սահուն եւ <<հիմնավոր>> կլինի:

Այնպես որ, բռնվեք, Բաղդասարյանը նորից վերադառնում է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: