Ախ այդ Միշայի ստվերը

Feb 16, 2018 Չի մեկնաբանվել

Կիևում փետրվար 12-ին ձերբակալվեց Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա ֆեյսբուքյան էջում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ տեղադրվեց, որում երևում էր, թե ինչպես են զինված հատուկջոկատայինները ռեստորանի սրահում գետնին պառկեցնում մի մարդու, իսկ ջոկատայիններից մեկը հարվածում է այդ մարդուն: Թեև տեսանյութում հստակ չի երևում, սակայն, ենթադրաբար, ձերբակալվող անձը ներկայումս Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդներից Միխեիլ Սաակաշվիլին էր: Նրա թիմակից Դավիդ Սակվարելիձեն ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է, որ բերման ենթարկվողը հենց Սաակաշվիլին է: Տեսանյութին առնչվող մեկնաբանություններում նշվում է, որ նա ձերբակալվել է «Սուլուգուլի» ռեստորանում:

Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի վերաքննիչ դատարանը մերժել էր Սաակաշվիլիի բողոքը: Նա հայց էր ներկայացրել Կիևի դատարանի այն որոշման դեմ, որով իր առջև փակել էին Ուկրաինայում օրինական ապաստան ստանալու ուղիները: Սաակաշվիլիի թիմակիցները մտահոգված են, որ նա կարող է արտահանձնվել Վրաստանին, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու ազատազրկում է սպառնում: Մտահոգություններ կան նաև, որ Օդեսային նախկին նահանգապետը կարող է վտարվել երրորդ երկիր: Անցած շաբաթավերջին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել էր, թե իր տեղեկություններով՝ Ուկրաինայի իշխանությունները նախապատրաստել և ստորագրել են իրեն Լեհաստան վտարելու որոշում: «Այսինքն՝ ինձ ցանկանում են ուղարկել այնտեղ, որտեղից մուտք եմ գործել Ուկրաինա», – ասել էր Սաակաշվիլին:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա սեպտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին հարյուրավոր աջակիցների հետ Լեհաստանից մուտք էր գործել Ուկրաինա: Ուկրաինա-լեհական սահմանային անցակետում հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակել էին նրա ճանապարհը, սակայն Սաակաշվիլիին հաջողվել էր ճեղքել շրջափակումն ու մուտք գործել Ուկրաինա: Ուկրաինացի սահմանապահները հայտարարում էին, որ թույլ չեն տա նրան մտնել երկիր, քանի որ վերջինիս ուկրաինական անձնագիրն այլևս վավերական չէ: Սաակաշվիլիին իր հերթին պնդում էր, որ չի հանձնվելու, իսկ արդեն Ուկրաինայում բողոքարկելու է իրեն քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը:

Նույն օրը երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան: Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդյան հայտարարեց, որ իրավասու մարմնի որոշմամբ Սաակաշվիլին վերադարձվել է նրա նախկին գտնվելու երկիրը: Նրա խոսքերով՝ գործողությունը իրականացվել է, որովհետև Սաակաշվիլին անօրինական էր գտնվում Ուկրաինայում: «Այդ անձը Ուկրաինայի տարածքում անօրինական էր գտնվում և հետևաբար բոլոր իրավական ընթացակարգերին համաձայն, նա վերադարձվել է այն երկիրը որտեղից ժամանել էր»,- ֆեյսբուքում գրել է սահմանապահ ծառայության մամուլի խոսնակը:

Կիևից Լեհաստան արտաքսված Միխեիլ Սահակաշվիլին արդեն իսկ հայտարարել է, թե քաղաքական ապաստան չի խնդրելու Վարշավայից և շարունակելու է պայքարը, մինչև կկարողանա օրինական ճանապարհով Ուկրաինա վերադառնալ:

Երեկ արդեն մեկ այլ տեղեկություն ստացվեց, որ Վրաստանը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ հայց կուղարկի Լեհաստան: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում կարծում են, որ եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաաշվիլին որոշի տևական ժամանակ մնալ Լեհաստանի տարածքում, որտեղ նրան արտաքսել էին Ուկրաինայից, վրացական կողմը Վարշավային կուղղի նրա արտահանձնման վերաբերյալ հայց։ «Եթե Սաակաշվիլին հիմնավորվի Լեհաստանում, ապա հայց կուղարկվի նաև այնտեղ»,- վրացական «Պալիտրանյուզ» հեռուստաալիքի եթերում ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Ալեքսանդր Կանտարիան։ Նա հիշեցրել է, որ Վրաստանի դատարանը Սաակաշվիլիի դեմ վճիռ է ներկայացրել։ «Նա կասկածյալ չէ, դատը կայացել է, վճիռն արդեն կայացված է, և բնականաբար, նրան այստեղ սպասում են»,-ասել է պատգամավորը։

Իսկ ահա Սաակաշվիլին Վրաստանում իր նախկին կուսակցությանը խորհուրդ է տվել համագործակցել այլ ընդդիմադիրների հետ և մեկ միասնական թեկնածու առաջադրել ընտրություններին։ Սաակաշվիլիի խոսքերով՝ կուսակցությունը պետք է եռամսյա բանավեճեր կազմակերպի «և արդյունքում առաջադրի այն մարդուն, ով ամենաբարձր վարկանիշը կունենա»։

Այսպես, Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ. աշնանը։ Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել ներկայիս նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաև ընդդիմադիրներ՝ Նինո Բուրջանաձեն և Շալվա Նաթելաշվիլին։

Իրավիճակը Վրաստանի շուրջ բավական հետաքրքրանում է: Սաակաշվիլին դարձել էր գլխացավանք ոչ միայն Ուկրաինայի ներկայիս իշխանությունների՝ այլև գլխացավանք է Վրաստանի ներկայիս իշխանությունների համար:

Սաակաշվիլիի բացակայության պայմաններում անգամ այդ երկրի իշխանությունները ցույց են տալիս ակնհայտ վախ՝ նրանից: Սաակաշվիլին դարձել է մի իսկական ուրվական, որի ստվերը հետապնդում է Վրաստանի իշխանություններին:

Սաակաշվիլիին դեմ են, կարծես, բոլորը՝ Վրաստանում, ինչպես նաև երբեմնի բարեկամները՝ Ուկրաինայում: Ինքը՝ Սաակաշվիլին էլ զիջող տեսակ չէ, նպատակներին հասնելու ճանապարհին հետևողական է ու սկզբունքային:

Դեռ վաղ է ասել, թե մինչև աշուն Սաակաշվիլին որտեղ կլինի, ինչ կորոշի Վրաստանի հարցում՝ փոթորկե՞լ ներվրաստանյան ներքաղաքական կյանքը, թե՞ շարունակել քայլերն ուկրաինական ուղղությամբ…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ախ այդ Միշայի ստվերը”

Մեկնաբանել