Ավելի քան 1 մլրդ դրամ` Կարեն Կարապետյանի ստեղծած կառույցին

Feb 16, 2018 Comments Off on Ավելի քան 1 մլրդ դրամ` Կարեն Կարապետյանի ստեղծած կառույցին

Կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին» 1 մլրդ 95 մլն դրամ գումար հատկացնելունախագիծը:

Նպատակը, ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին նյութատեխնիկական զինումը և կադրային ներուժի բարձրացումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում վիրտուալացված հիշողության համակարգի և գնումների էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրումը, համակարգչային տեխնիկայի վերազինումը:

Որպես հիմնավորում նշվում է նաև, որ ֆինանսների նախարարության կողմից օգտագործվող բոլոր ծրագրային համակարգերի տեղեկատվությունը ներկայումս կուտակվում է մեկ տեղում, ինչը որոշակի համակարգերի խափանման դեպքում կարող է հանգեցնել տեղեկատվության կորստի:

Նման դեպքերի բացառման նպատակով 2017 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքվել է վիրտուալացված հաշվողական համակարգի ապարատա-ծրագրային կոմպլեքսի նախագծման, մատակարարման և ներդրման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր:

Միաժամանակ 2017 թվականի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքվել է պետական ծախսերը կազմելու՝ պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացված համակարգ մշակելու և վերջինիս պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու ծառայությունների ձեռքբերման պայմանագիր:

Բացի այդ՝ ՀՀ ֆինանսերի նախարարության համակարգչային տեխնիկան, ֆիզիկապես և բարոյապես մաշված լինելու և վերազինման կարիքով պայմանավորված, 2017 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքվել է համակարգչային տեխնիկայի ձեռքբերման պայմանագիր:

Եզրակավության մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը ավելանում են 1 մլրդ 95 մլն  դրամի չափով:

Հեղափոխական օպտիմալացումների սիրահար Կարեն Կարապետյանը, որը ամեն առիթով խոսում է պետության ծախսերը կրճատելու մասին, միանգամայն այլ մոտեցում է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերւմ է իր կողմից ստեղծված կառույցներին: Անհասկանալի է, թե ինչու է ֆինանսերի նախարարության համակարգչային տեխնիկան ձեռք բերում «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը, և վերջապես ով է ասել, որ պետությունը այդ կենտորնի կադրային ներուժի բարձրացման համար պարտավոր է միլիոններ ծախսել, այն դեպքում, երբ նույն պետությունը պետծառայողների համար նման շռայլ ծրագրեր չի իրականացնում: Ի դեպ, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի բացման ժամանակ Կարեն Կարապետյանը, դիմելով կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանին, ասել էր՝ Ալե՛քս, հո՛ւպ տուր: Փաստորեն, 1 մլրդի հուպ է տվել արդեն:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: