Ինչո՞ւ են պետական բաժնեմասերով ընկերությունները սնանկանում.Արման Սահակյանը նախագահին զեկուցել է

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը: Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ: Գործարար ծրագրի օրինակելի ձևում հստակ սահմանվել են կատարման ենթակա հիմնական տնտեսական ցուցանիշները: Հանձնարարականի համաձայն, մշակվել են նաև պետբաժնեմասով ընկերությունների ծրագրային ցուցանիշների վերահսկողության, գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման համապատասխան մեխանիզմներ և իրավական կարգավորումներ:

Պետական գույքի կառավարման վարչության պետը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր: Սարգսյանը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը:

Արման Սահակյանի հավաստմամբ, ի կատարումն Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի, մշտական հսկողության տակ են պահվում սոցիալական կարևոր նշանակության՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները, դրանք հասցվել են ավարտին՝ պարզեցնելով վարչարարությունն ու դյուրացնելով ընթացակարգերը:

Վարչության պետը զեկուցել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից և մյուս ուղղություններից գոյացած և պետական բյուջե վճարված ֆինանսական մուտքերի դինամիկան, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի բարեփոխման աշխատանքները։

Արման Սահակյանը նշել է, որ արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրվել են սնանկության վարույթի շրջանակում պետական գույքի իրացման հետ կապված խնդիրները:

Մշակվել են պետական պարտավորությունների լիարժեք կատարմանն ուղղված իրավական կարգավորումներ:

Հանրապետության Նախագահը կարևորել է նախատեսված ծրագրերը պատշաճ մակարդակով և նախատեսված ժամկետներում ավարտելը, ընդգծելով, որ դրանք, այդ թվում՝ Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագիրը, կարևոր նշանակություն ունեն պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու, սոցիալական կարևոր հարցեր լուծելու տեսանկյունից:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչո՞ւ են պետական բաժնեմասերով ընկերությունները սնանկանում.Արման Սահակյանը նախագահին զեկուցել է”

Մեկնաբանել