Մեր մեծ ու փոքր ողբերգությունները

Feb 16, 2018 1 Comment

Այն, որ Արցախի հարցը Հայաստանի գոյության հարցն է, շատ է ասվել ու գրվել:

Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ժամանակի ընթացքում կանգնած են եղել ցավոտ՝ «տարածքների հանձնման» խնդրի առաջ: Բոլորն էլ, թերևս, մտորել են, թե ինչի կլինի, եթե իրենց պարտադրեն գնալ այդ քայլին, ու բոլորի համար թիվ մեկ հարցը եղել է՝ ինչպե՞ս դիմագրավել…

Այսօրվա իշխանությունն էլ երաշխավորված չէ, որ այդ պահանջը չի ներկայացվելու իրենց, որքան էլ Ալիևն անկանխատեսելի լինի, ռազմատենչ ու ապակառուցողական, դրանից ամենևին չի բխում, որ հայկական կողմի առաջ չի դրվի «տարածքների հանձնման» պահանջ:

Ու այստեղ է, որ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչպիսի՞ իշխանությունն ու պետությունը կարող է դիմագրավել հնարավոր ճնշումներին…

Իհարկե՝ ուժեղ, կայացած, ինքնաբավ պետությունը: Իսկ ե՞րբ է պետությունն այդպիսին համարվում… Պատասխանը շատ պարզ է՝ երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը գաղափարական են, ծառայում են երկրի հասարակությանը, ի շահ պետության զարգացման:

Այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին ծեծկռտուք է տեղի ունեցել: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները «յուրօրինակ» ոճով են որոշել ՀՀԿ-ականների դեմ պայքարել: Նրանք հոտավետ նյութ են բերել, որպեսզի քաղաքապետը և ավագանին շնչեն ու պատկերացնեն, թե ինչ օդ են շնչում Նուբարաշեն համայնքի բնակիչները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղու պատճառով: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների բարձրացրած հարցը խիստ կարևոր է ու սպասում է անհապաղ որոշման, սա՝ միանշանակ:

Բայց արդյո՞ք այդպես են հարցերի լուծման հասնում… Իհարկե, «ԵԾ» անդամների նկատմամբ բռնության կիրառումը բոլորովին չի արդարացնում որոշ ՀՀԿ-ական «մուսկուլավորների» գործողությունները, որոնք վերջապես ինքնադրսևորվելու առիթ ստացան և որոշեցին իրենց «շնորհքով» էլ վերջապես «փայլել»:

Առհասարակ, պետք է մտորենք մի թեմայի շուրջ. շուտով երեք տասնամյակ գոյություն ունեցող պետությունում ինչու՞ են մեր «ընդդիմություններն» այսքան թույլ, խղճուկ, անճար ու անհեթեթ:

Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանություններն ունեցել են ուժեղ, գաղափարական ընդդիմություններ. դա ԱԺՄ-ն էր 1996-ին՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին, և Տեր-Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման վերջին ամիսներին ու Սերժ Սարգսյանի իշխանավարումից սկսած՝ սկզբնական շրջանում:

Եվ վերջ…Մնացած ամենը ընդդիմություն չէր, այլ ընդդիմության «տնազ»:

Հայաստանի «ընդդիմադիրները», կարծես, ամեն ինչ անում են, որպեսզի գործող իշխանությունը նրանց ֆոնին ավելի լուրջ թվա, Սերժ Սարգսյանն էլ՝ Արիստոտել: Ու դրանում նախևառաջ հենց իրենք՝ ընդդիմադիրներն են մեղավոր, իրենց տրագիկոմեդիկ ու խղճուկ պահվածքով ու գործողություններով:

Այ, օրինակ վերջին թարմ իրադարձության օրինակով՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու նրա «առաջնորդ» Զարուհի Փոստանջյանը: Ակնհայտ երևում է՝ նրանք ունեն միայն մեկ գերնպատակ: Որպեսզի «ԵԾ» կուսակցության մասին հիշատակվի՝ նրանք պատրաստ են ամեն անհեթեթ ու զավեշտալի քայլի, միայն թե տեսախցիկներում երևան, միայն թե նրանց մասին գրեն:

Հանուն այս նպատակի, կարելի է վեր կենալ, գնալ հարևան Թուրքիա ու Վրաստան՝ հանրահավաք անել անհեթեթ պահանջներով՝ այլ երկրի քաղաքացի հանդիսացող հայերի համար: Նկատենք, որ օրինակ ժողովրդավարական Գերմանիան Թուրքիայի պաշտոնյաներին թույլ չտվեց իր երկրի քաղաքացի հանդիսացող թուրքերի համար հանրահավաքներ անցկացնել Գերմանիայի տարածքում: Էրդողանին, ինչպես ասում են՝ «կուլտուրական» ասացին՝ «գնա քո երկրի քաղաքացիների համար համերգներ տուր»:

Բայց մեր «իրավաբան», «Երկիր ծիրանի» կուսակցության «առաջնորդին» ձեռնտու չէ սա հասկանալ: Ուրիշ որտե՞ղ թատրոն խաղալ, եթե ոչ հարևան երկրներում, կամ էլ՝ երևանյան առևտրի սրահներում ու շուկաներում:

Սա ողբերգություն է, մեր մեծ ողբերգությունների մեջ փոքրիկ, որովհետև «դերակատարներն» են շատ փոքր, բայց իրականում սա իսկական տրագիկոմեդիա է:

Ի՞նչ վտանգների ու սպառնալիքների առջև է կանգնած մեր պետությունը, իշխանությունը մի կողմից: Ինչպե՞ս պետք է դիմագրավենք հնարավոր սպառնալիքներին… Ու թվում է, որ ուժեղ ընդդիմությունները կարող են ինչ-որ առումով աջակցել իշխանությանը՝ բախտորոշ որոշումներից զերծ պահելու հարցում, սակայն մյուս կողմից՝ ունենք այն, ինչ ունենք…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Մեր մեծ ու փոքր ողբերգությունները” հրապարակմանը

  1. Վարուժան says:

    Դա միշտ էլ կլինի,քանի կան իշխանություն և ընդիմություն,դա պետության հիմքեր քանդող առաջին աստիճանն է։Չպիտի լինի իշխանություն և ընդիմություն,պիտի լինի պետությունը կառավարող օրգան և դրան օգնողներ,այսինքն ամբողջ ազգը,իսկ դա կլինի միայն այն դեպքում,եթե կառավարող օրգանի նշանակումը լինի մրցույթային,ըստ մասնագիտության,ամենից լավ մասնագետը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը։Ամեն տարի, կամ 2,3,4 տարին մեկ պիտի կատարվի նոր մրցույթ և նոր նշանակում,եթե նախորդը չի կարողացել գրավել 1-ին տեղը։Մրցույթները պիտի լինեն բաց և վերահսկելի ամբողջ ազգի կողմից։Այդ սկզբունքով պիտի նշանակվեն բոլոր պաշտոնները,այդ թվում և բանակում։Մանրամասները կարող եմ ներկայացնել,բայց ոչ այս կոմենտում

Մեկնաբանել