«Անուրջներ» և «զառանցանքներ». պատասխանն Ալիևին չուշացավ

Feb 16, 2018 Comments Off on «Անուրջներ» և «զառանցանքներ». պատասխանն Ալիևին չուշացավ

Սերժ Սարգսյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել է ապրիլ, քանի որ ցանկանում է արագացնել ղարաբաղյան խնդրի լուծումը: Երեկ Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ս.Սարգսյանն ընդգծել է, թե չի հավատում, որ Բաքուն ցանկանում է կարգավորել ԼՂ խնդիրը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը չի մեկնաբանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Ալիևի որոշումը:

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ: Բայց այն տեսակետը, որ դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետև չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին», նշել է Ս. Սարգսյանը:

Նա անուղղակիորեն անդրադարձել է նաև օրերս Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում Իլհամ Ալիևի ելույթին, որում վերջինս նշել էր, թե իրենց ռազմավարական նպատակը «Ադրբեջանի պատմական տարածքներ Զանգեզուրն ու Երևանը վերադարձնելն է»: «Անկախ նրանից՝ Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում՝ եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից՝ բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասաց Ս. Սարգսյանը:

Բուլղարացի պաշտոնակցի ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, թե Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը․ «Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ»:

Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահին ևս ԼՂ խնդրի մասին հարց ուղղեցին՝ ընդգծելով, թե ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում Բուլղարիայի մոտեցումներն այս մասով: Հարցին նախ Սերժ Սարգսյանը պատասխանեց, հայտարարելով, թե շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ բոլոր ատյաններում այդ պետությունը միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը․ «Ես հասկանում եմ, թե ինչու է ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել, և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Դե ինչ, Սերժ Սարգսյանն, այսպիսով, անուղղակիորեն պատասխանեց Ալիևի «զառանցանքներին»: Կարելի է ասել, «նախընտրական» փուլ մտած Սերժ Սարգսյանն էլ հեռակա «տեղը դրեց» Ալիևին: Բայց ինչպես ասում են՝ Ալիևն, ինքն էր մեղավոր, անձամբ դրան հասցրեց:

Իհարկե, պարզ է, որ Ալիևը նախընտրական հռետորաբանությամբ պետք է փորձի գրավել ընտրողների ձայները, բայց իրականում նրա հռետորաբանությունը ունենում է հետևանքներ հասարակության վրա՝ բացասական իմաստով: Նրա հռետորաբանության արդյունքում սերունդներ են մեծացել ու մեծանում, կրթվում՝ հայատյացությունը ուղեղներում ներդրված:

Դրա հետևանքով էր ի դեպ, որ Ալիևը 2016 թվականի ապրիլին գնաց արկածախնդրության: Ատելությունը, ռազմաշունչ քարոզչությունն ունենում են հետևանքներ, շատ ծանր հետևանքներ…

Այնպես որ, որքան էլ Ալիևի բոցաշունչ ելույթները «նախընտրական» որակենք, պետք է գիտակցել նաև, որ դրանք կարող են շարունակականություն ունենալ՝ ծանր հետևանքներով: Որովհետև «անկյուն քշվածները» շատ հաճախ դաժանությունների են ունակ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: