Վովա Գասպարյանի «թայֆունը»

Feb 15, 2018 Comments Off on Վովա Գասպարյանի «թայֆունը»

 

 

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը շարունակում է համակարգի պատասխանատուների պաշտոնանկությունները: Նախօրեին պարզ դարձավ, որ նա  հերթական ազտումն է արել. այս անգամ պաշտոնին հրաժեշտ է տվել Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի պետը: Այս պաշտոնում դեռ նոր մարդ չի նշանակվել:

Դրանից մի քանի օր առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվել էին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետն ու մի քանի ծառայողներ: Ազատումների գործընթացը   վերաբերում է ոչ միայն անձնագրայինին, այլև ողջ համակարգին:

Ազատում-նշանակումների «թայֆունը»  ոստիկանության համակարգում սկսեց մոլեգնել տարեսկզբից: Ոստիկանապետը հունվարի 19-ի կոլեգիայի նիստի ժամանակ խիստ տոնով խոսեց կադրային փոփոխություններ անելու մտադրության մասին, շեշտելով, որ  համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, նոր ոճով աշխատել կփոխարինվեն երիտասարդներով:

Հունվարի 19-ից առ այսօր Վովա Գասպարյանը համակարգում ավելի քան 4 տասնյակ բարձրաստիճան ոստիկանների է ազատել: Այսպես հունվարի 30-ին պաշտոնապես հաստատվեց, որ համակարգում միանգամից 32 ազատում է եղել՝ 23 ծառայող անցել է թոշակի, 9 ծառայող ուղարկվել է կադրերի ռեզերվ, թափուր տեղերը համալրվել են 21 ծառայողով։

Պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանապետի անձնակազմի գծով տեղակալը, Վայքի ոստիկանապետը, ով անցել է թոշակի։ Ազատվել են նաև Սյունիքի,Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի տեղակալներ և այլ ծառայողներ։

Դրանից երկու օր առաջ՝ հունվարի 27-ին  էլ աշխատանքից ազատվել էին  Մեղրիի ոստիկանապետ Արա Դավթյանը և Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկանապետ Սարգիս Այվազյանը: Խոստովանենք՝ 20 օրվա մեջ առնվազն 40 ազատումը Հայաստանի նման սակավ կադրային ռեսուրսներ ունեցող երկրում լուրջ ցուցանիշ է: Իսկ թե քանի փոխատեղում կամ ազատում է կատարել Վովա Գասպարյանը պաշտոնավարման 10 տարիներին, թերևս հնարավոր չէ հիշել:  Սակայն ազատումներն ու նշանակումները կրել են մշտական բնույթ և այդ փաստը չի ժխտում անգամ ինքը՝ Վովա Գասպարյանը:  Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հասարակության համար ազատումների և նշանակումների տրամաբանությունն ամբողջությամբ անհասկանալի է մնում: Եթե իրավիճակը դիտարկելու լինենք ըստ պաշտոնական վիճակագրության, ապա այստեղ ևս պատկերը հուսադրող չէ: 2017 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 1520 դեպքով (2016թ.` 18.764, 2017թ` 20.284), ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով:
Միևնույն ժամանակ, 34-ով կամ 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր (198-164) և 352-ով կամ 11,4%-ով ծանր հանցագործությունների (3.081-2.729) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազման հետ:
Այսինքն՝ ընդհանուր հանցավորության նահանջ, որը կարող էր դիտվել բարելավում, փաստորեն չկա:

Հետևաբար, ո՞րն է չափանիշը լավ կամ վատ աշխատելու. ումից է գոհ կամ դժգոհ Գասպարյանը: Եվ վերջապես, եթե ոստիկանապետը դժգոհ է կադրերից, ավելի քան 10 տարի համակարգը փոխելուց և փոփոխելուց հետո անգամ վիճակը չի կարգավորվում, կնշանակի համակարգի խնդիրն ավելի խորքային է, քան առանձին վերցրած մեկ կամ 4 տասնյակ ազատումը: Իսկ գո՞հ է արդյոք Վովա Գասպարյանից ոստիկանությունը կամ հասարակությունը: Թերևս ոչ, որովհետև ինչպե՞ս կարող է ոստիկանապետը լավ աշխատել, եթե համակարգը վատ է աշխատում:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: