Խիստ նախազգուշացում Ալիևին

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ:

Նրանք ընդգծել են 2017թ. հոկտեմբերին Ժնևում, ինչպես նաև ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովում ստանձնած բոլոր հանձնառությունների բարեխիղճ իրագործման անհրաժեշտությունը: Ապա` համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին շրջանում կորուստների կապակցությամբ: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին Ժնևում, և հարգել հրադադարը:

Այնուհետև համանախագահների հայտարարությունում կարդում ենք ուշագրավ միտք այն մասին, որով միջնորդները կոչ են անում կողմերին՝ «զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից»:

Համանախագահները նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը՝ օգնել կողմերին հակամարտությանը գտնելու խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան արձանագրության հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման վրա: Նրանք ողջունել են կողմերի մտադրությունը՝շարունակելու ակտիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական շրջանը, ասվում է հաղորդագրության մեջ:

Իհարկե, այս հայտարարության հիմնական մեխը կողմերին ուղղված հետևյալ նախադասությունն է՝ «զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից»:

Բնական է, որ սա վերաբերում է Իլհամ Ալիևին, որը համանախագահների տարածաշրջանային այցի օրերին սպառում էր «գրավել Երևանը»:

Համանախագահներն, իհարկե, մշտապես պահելով դիվանագիտական-բալանսավորված լեզուն՝ առանց անուն նշելու և երևույթն արձանագրելու խիստ նախազգուշացում են արել Ալիևին:

Իհարկե, բոլորի համար հասկանալի է, որ Ալիևը մտել է քարոզչական դերի մեջ, բայց հանուն արդարության պետք է նաև արձանագրել, որ այն ինչ ասում է Ալիևը՝ դա պետական քաղաքականություն է Ադրբեջանում: Դա ռազմատենչ քարոզչության և հայատյացության քաղաքականությունն է՝ դրանից բխող հետևանքներով:

Իսկ թշնամանքի սերմանումը ունենում է հետևանքներ: Դրա «պոռթկումը» 2016-ի ապրիլյան պատերազմն էր:

Այնպես որ, Ալիևի սադրիչ հայտարարություններին հումորով վերաբերվելը մեզանում այնքան էլ տեղին չէ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Խիստ նախազգուշացում Ալիևին”

Մեկնաբանել