Բաքվին գործարք են առաջարկել. անբարենպաստ իրավիճակ Հայաստանի համար

Feb 14, 2018 Comments Off on Բաքվին գործարք են առաջարկել. անբարենպաստ իրավիճակ Հայաստանի համար

Նախօրեին Բրյուսելում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո հանդես են եկել մամլո ասուլիսով:

Նախ՝ ԼՂ խնդրի մասով: Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը: «Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր զարգացում է, և մենք կուզենայինք, որ կողմերը հետևեն իրենց պայմանավորվածություններին՝ բանակցային գործընթացն առավել ինտենսիվ դարձնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ստատուս քվոն, մեր կարծիքով, կայուն չէ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Եվ մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու առաջարկներին»,- ասել է Մոգերինին:

Ղարաբաղյան խնդրից բացի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եվրոպական կողմը բարձրացրել է նաև ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Ապրիլին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է՝ դա շատ կարևոր է Բրյուսելի համար:

«Այսօր մենք քննարկեցինք ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Սա մեր փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամուր հիմքն է, Եվրամիությունը մշտապես ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործումը կենսական նշանակություն ունի: Սա նշանակում է՝ հաշվի առնել այն խորհուրդները, որ տրվել են ընտրությունների կազմակերպման, հանրահավաքների ու մամուլի ազատության վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարության համար և կշարունակենք մեր աջակցությունն այս ուղղությամբ»,- հայտնել է Ֆեդերիկա Մոգերինին:

Նկատենք, որ այս հանդիպման նախօրեին իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը և Amnesty International-ը, Եվրամիության պաշտոնյաներին կոչ էին արել Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման օրակարգի առանցքային հարց դարձնել այդ երկրում ընդդիմության դեմ հալածանքների ու մարդու իրավունքների ոտնահարման թեման:

«Հրատապ է, որ Մոգերինին Մամեդյարովին զգուշացնի՝ անարդար դատապարտվածներին ազատ չարձակելը, քաղաքացիական հասարակության սահմանափակումները վտանգի տակ են դնում Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրերը, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը խողովակաշարերի կառուցմանը»,- հայտարարել էր Amnesty International կազմակերպությունը:

Մոգերինի-Մամեդյարով հանդիպումից ու Եվրամիություն-Ադրբեջան խորհրդի հերթական նիստից հետո կողմերը միայն ամփոփիչ հայտարարություններ են արել, լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չի տրվել, ըստ պաշտոնյաների՝ ժամանակի սղության պատճառով:

Հայտնի է, որ ԵՄ-ն նաև Ադրբեջանի հետ է պատրաստվում համաձայնագիր ստորագրել: Սա շահեկան «գործարք» է, նույնիսկ «առևտուր»՝ ինչ-որ առումով:

ԵՄ-ն իր պահանջները կդնի Բաքվի առջև՝ դրա դիմաց խոստանալով համաձայնագրի ստորագրում և այդ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարում:

Ալիևի ձգտումն էլ հասկանալի է. նա էլ ցանկանում է հետ չընկնել Հայաստանից, այն բանից հետո, երբ նոյեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեցին:

Ստացվում է՝ «փոխշահավետ» գործարք ԵՄ-ի և Ադրբեջանի միջև:

Սակայն, սա ինչ-որ առումով Հայաստանի համար դրական չէ: Մինչ այժմ Հայաստանը, կարելի է ասել՝ շահեկան դիրքերում էր գտնվում, այն առումով, որ ստորագրեց ԵՄ-ի հետ համաձայնագիր, իսկ Ադրբեջանը չուներ նման համաձայնագիր:

Այժմ, փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչ-որ առումով կհավասարվեն, եթե ստորագրվի ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: