Արմեն Սարգսյանի ապագա նստավայրի վրա խոշոր պարտքեր կան կուտակված

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

Պարզվում է՝ Հայաստանի 4-րդ նախագահի նոր նստավայրի վրա կուտակված խոշոր պարտքեր կան: Ինչպես հայտնի է, նախագահի նոր նստավայրը լինելու է Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը, որի տնօրինումը վերապահված է եղել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ին: Ընկերությունը մինչև 2016 թվականի դեկտեմբերը եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական բաժնետոմսերով հիմնարկ: Հետագայում «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինումը փոխանցվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որից հետո պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորումը դադարեցվել է:

Գույքի պահպանումն ու ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2017 թվականի համար, ՀՀ կառավարության որոշմամբ, բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է ընդամենը 68 մլն 675 հազար դրամ գումար: Խնայողություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից 2017 թվականին վերանայվել են ընկերության ծախսային հոդվածները, կատարվել է 12 հաստիքի կրճատում և հաստատվել ծախսերի նոր նախահաշիվ:

Կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում տեղադրվել է «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող վերը նշված անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել: Նշված անշարժ գույքն առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, որը մինչև լուծարման ավարտը կկազմի շուրջ 67 մլն.դրամ:
Միջոցառումների կազմակերպմամբ և  հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, որի տնօրինման տակ է գտնվում ապագա նախագահական նստավայրը՝ շենք-շինությունների 5727,2 քառ.մետր ընդհանուր մակերեսով և դրանք սպասարկող՝ 1,379152 հա հողամասով, իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը: Ընկերության տարածքը համարվել է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ընկերության անշարժ գույքի գնահատված արժեքը կազմում է 6 803 644,7 հազար դրամ: «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյան լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ֆինանսների, արդարադատության նախարարությունների մեկական, պետական գույքի կառավար­ման վարչության երկու և պետական եկա­մուտ­ների կոմիտեի մեկ ներկայացուցիչների: Լուծարման հանձնա­ժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը:

Ուշագրավ է, որ Երևանի ամենաթանկ հատվածում գտնվող կառավարական ընդունելությունների տունը ոչ միայն եկամուտով չի աշխատել, այլև չի կարողացել ապահովել անգամ ընթացիկ ծախսերը: Այս շինությունը, որը պետությանը լրացուցիչ եկամուտներ բերելու բոլոր պայմաներն ուներ, պարտքի բեռ է փոխանցել պետությանը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Արմեն Սարգսյանի ապագա նստավայրի վրա խոշոր պարտքեր կան կուտակված”

Մեկնաբանել