Ծառուկյանն ընդդեմ «քուչի տղերքի»

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

 

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով համարվում է նաև Հայաստանի թիվ 1 մեծահարուստը, հայտարարել է, որ ինքն ուզում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, որպեսզի «քուչի ու թաղի տեղերքը» ձայն չստանան: «Այսօր մեր քաղաքացին իր ձայնը տալիս է ոչ թե կուսակցությանը, այլ  իր թաղապետին, մարզպետին, թաղի տղային, ովքեր ծրագրային, քաղաքական և օրենսդիր փոփոխություններ չեն կարողանում կատարել: Դրա համար պետք է լինի կուսակցական և ծրագրային ընտրություն, որպեսզի քաղաքացին հասկանա՝  որ կուսակցությանը ձայն տա, որ իր սպսաելիքն արդարանա»,- հայտարարել է նա:

Սա բավականին ուշագրավ դիտարկում է, եթե հաշվի առնենք, որ ինքը՝ Ծառուկյանը, առաջին անգամ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով և որպես քաղաքական գործիչ սերել է «քուչի տղերքի» խավից: Սակայն քաղաքական և տնտեսական այն ճանապարհը, որն անցել է Գագիկ Ծառուկյանը, նրան հավանաբար հասցրել են կայացման մի մակարդակի, երբ այլևս ակնհայտ է, որ գլոբալ խնդիրները լուծվում են քաղաքական մեթոդներով:

Ծառուկյանի խոսքով՝ երկիրն առանց ներդրումների չի կարող  զարգանալ, իսկ ներդրումների համար այնպիսի պայմաններ են պետք, որ գումար ունեցող մարդը երկրում գումար դնի: «Առաջինը երաշխիքն է, վստահությունը, հավատն ու շահույթը: Սրա համար այնպիսի օրենքներ պետք է ընդունվեն, որ մարդիկ շահագրգռված լինեն ու վստահություն ունենան, որ իրենց դրած գումարը չի կորելու»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ եղան նախընտրական փուլում խոստացված ներդրումները, Ծառուկյանը նշել է, որ իր արտասահմանյան գործընկերները պատրաստ էին 15 մլրդի ներդում կատարել, եթե համապատասխան վստահություն  և երաշխիքներ լինեին. «Ես այդ վստահությունը կունենային, եթե իմ կուսակցությունը 50 տոկոս +1 ձայն ունենար: Եթե իմ ժողովուրդը ինձ չի տվել 50+1 տոկոս, այլ տվել է 30+1 տոկոս ձայն, ես ի՞նչ կարող եմ անել»,- ասել է նա և հույս հայտնել, որ մի օր ինքը կունենա այդ ցանկալի վստահությունը:

Հավանաբար Ծառուկյանը հույս ունի, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը կարող է դառնալ վստահության երաշխիք, որն անհրաժեշտ է ոչ միայն և ոչ այնքան սոցիալապես անպահով շերտին, որի համար ԲՀԿ առաջնորդը եղել և մնում է անվերապահ բարեգործ, այլ ավելի շատ մեծահարուստների խավին, որի ներկայացուցիչն է ինքը: Ապագայի նկատմամբ վստահության պակաս ունեն նաև հարուսները, ովքեր համոզված չեն, որ իրենց դրած գումարը չի կորելու: Թերևս ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, որպես խոշոր փողատեր և խոշոր ներդրող, ամենաշատն ունի վստահության պակաս: Ֆինանսական ռեսուրսներով հնարավոր չէ ռիսկերը չեզքոցնել, իսկ քաղաքական լուծումներին ռեյտինգային  համակարգը լրջորեն խոչընդոտում է: 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ից հետո 2-րդ մրցունակ թեկնածուներն եղել են  ԲՀԿ-ից, սակայն ԲՀԿ առաջնորդը շատ լավ հասկանում է, որ  թաղի տղերքը միշտ աշխատելու են իշխանության համար, անկախ նրանից, թե ով է այդ իշխանությունը: Այս տեսանկյունից քաղաքական և ծրագրային  ընտրությանը առաջնահերթություն տալը Ծառուկյանի գաղափարական պրոգրեսն է, որի հիմքում ընկած է պարզ ինքնապաշտպանությունը:

Հայկ Դավթյան  

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ծառուկյանն ընդդեմ «քուչի տղերքի»”

Մեկնաբանել