Քրեական օրենսգիրքը Մարտի 1-ի համար քիչ է

Feb 12, 2018 Comments Off on Քրեական օրենսգիրքը Մարտի 1-ի համար քիչ է

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործին և հայտարարել, որ այն բարդ գործ է: 2008-ի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած տասը սպանություններից գրեթե տասը տարի անց  գլխավոր դատախազը չի կարողանում տալ թիվ մեկ հարցի պատասխանը՝ ովքեր են եղել կատարողներն ու հրաման արձակողները:

Թեև Արթուր Դավթյանը պնդում է, որ տասը սպանությունների քննությունը կասեցված չէ, գործն էլ կարճման միտում չունի, այնուհանդերձ գործի բացահայտման մասին բավարար տեղեկություն, ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ այսօր չկա: «Բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար: Իսկ «Մարտի 1-ի» քրեական գործի բարդության մասին կարծում եմ բոլորդ լիարժեք պատկերացում ունեք: Ինքը բարդ գործ է, ինքը հազարից ավելի հարցաքննման ենթակա անձանց, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր է»,- հայտարարել է Արթուր Դավթյանը: Նաախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ Մարտի 1-ի քրեական գործը բաժանվեց տասը մասի՝ յուրաքանչյուր զոհի համար առանձին վարույթների: Սակայն նախաքննությունը դեռ ավարտված չէ, և գործի հետ կապված հրապարկային տեղեկություններ չկան:  Ի սկզբանե Մարտի 1-ի գործը կանխատեսելի ընթացք ուներ: Վերջապես ի՞նչ ասել է գտնել կրակողներին կամ էլ հրաման տվողներին: Արդյոք «Չերյոմուխա – 7» հատուկ միջոցը կիրառող ոստիկանը այս դեպքում կարո՞ղ է մեղավոր կողմ ճանաչվել: «Չերյոմուխա – 7» -ի օգտագործումը հասարակական կարգի պահպանման նպատակներով անթույլատրելի է, բայց 2008 թվականի մարտի 1-ին այն կիրառվել է և  դարձել  զոհերի մահվան պատճառ: Բայց չէ որ  ոստիկանը ընդամնեը հրաման կատարող է եղել, իսկ ուժային համակարգերում հրամանները չեն քննարկվում: Կա  վարկած, որ կրակողներն եղել են ոչ թե տեղացի ոստիկաններ կամ զինվորներ, այլ արտերկրի հատուկ ջոկատայիններ: Նախաքննությունը առայժմ չի տվել անգամ այս հարցի պատասխանը: Ամենագլխավոր հարցը, թե ով է եղել հրաման տվողը, նույնպես անպատասխան է: Կարո՞ղ էր արդյոք հրաման տվողը լինել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով Մարտի 1-ի դեպքերից հետո պաշտոնանկ արվեց,  թե՞ տարածված կարծիքի համաձայն հրամանտարը այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Կարո՞ղ էր նախագահը նման իրավիճակում միայնակ կայացնել սեփական քաղաքացիների վրա կրակելու պատասխանատու որոշումը: Ներկա նախագահ Սերժ Սարգսյանը, ով Մարտի 1-ից հետո ստացավ նախագահի պաշտոնը, այն ժամանակ երկրի գործող վարչապետն էր և կարող էր կասեցնել իրադարձությունների զարգացման նման ընթացքը, օրինակ ՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է գնալ ընտրությունների երկրորդ փուլ: Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, սակայն փաստ է, որ Մարտի 1-ին տեղի ունեցած  իրադարձությունները չեն կարող բացահայտվել Քրեական օրենսգրքի հոդվածներով: Մարտի 1-ը քաղաքական իրադարձություն էր, և բացհայտումն էլ նախ և առաջ պետք է լինի քաղքական հարթության վրա: Այսօր, քանի դեռ Մարտի 1-ի գլխավոր քաղաքական դերակատարները պետության ղեկին են կամ էլ քաղաքական օրակարգի թելադրողները, այս գործը չի կարող բացահայտվել: Տասնամյակներ անց, երբ գլխավոր դերակատարները այլևս այս աշխարհում չեն լինի, պատմությունն ու իրավաբանությունը գուցե կտան հարցի պատասխանը, թե ովքեր էին մեղավոր Մարտի 1-ի ողբերգության համար:

 

Հայկ Դավթյան  

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: