Վարչապետը դժգոհ է

Feb 09, 2018 Comments Off on Վարչապետը դժգոհ է

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարեւորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը եւ ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:

Թիմուր Ուրազաեւի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երեւանով տարանցիկ չվերթների կազմակերպման հնարավորություններին եւ մի շարք այլ հարցերի:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: