Ինչ են պայմանավորվել Բաքվում.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանի մոտ էին

Feb 09, 2018 Comments Off on Ինչ են պայմանավորվել Բաքվում.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սերժ Սարգսյանի մոտ էին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Հանրապետության Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: