Մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել.Սերժ Սարգսյան

Feb 09, 2018 Comments Off on Մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել.Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության եւ գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաեւ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգեւներ է հանձնել, շնորհել նաեւ վաստակավոր մանկավարժի կոչում:

Ինչպես հայտնում են նախագահաի մամուլի ծառայությունից, Սարսգայնը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաեւ բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ եւ բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է այն կարեւոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգեւատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգեւներով: Իհարկե, պարգեւները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաեւ ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարեւոր է, եւ այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարեւորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Սարգսյանը:

Նա այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաեւ համալսարանի ներկայիս գործունեությունը:

Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի, կրթության եւ գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին եւ ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական եւ այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ եւ շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին եւ միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: