Սկանդալ և նոր մանրամասներ. Հաղորդավարուհին ԱՄՆ ապօրինի ներգաղթի համար ՀՀ քաղաքացիներից պահանջել է 3000-ից 15000 դոլար

Feb 09, 2018 Comments Off on Սկանդալ և նոր մանրամասներ. Հաղորդավարուհին ԱՄՆ ապօրինի ներգաղթի համար ՀՀ քաղաքացիներից պահանջել է 3000-ից 15000 դոլար

Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ու ևս երկու հայ ԱՄՆ-ում մեղադրվել են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության համար:

Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած մեղադրական եզրակացության՝ մեղադրվող հայերից Ստելլա Բոյաջյանը Նյու Յորքում ստեղծել և ղեկավարել է «Apple Music Awards Foundation» հիմնադրամը: Օգտագործելով այն ու կապերը հայկական և ամերիկյան երաժշտական ինդուստրիայում, մեղադրյալներն օգնել են ՀՀ քաղաքացիներին ապօրինաբար մուտք գործել Միացյալ Նահանգներ:

Նշելով, որ կարող են օգնել մուտք գործել ԱՄՆ, յուրաքանչյուր նման «գործարքի» համար վերջիններս ՀՀ քաղաքացիներից պահանջել են 3 000-ից 15 000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև նրանք Հայաստանում ձեռք էին բերում կեղծ վկայագրեր, կազմակերպում ազգային տարազով լուսանկարահանումներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե մուտքի արտոնագիր ստացողները հայ ազգային մշակույթի ներկայացուցիչներ են:

Հաջորդիվ Բոյաջյանը և մյուս մեղադրվողները սովորեցնում էին ԱՄՆ ներգաղթել ցանկացողներին, թե ինչպես պետք է անցնեն մուտքի արտոնագիր ստանալու համար հարցազրույցը, ինչպես նաև բոլոր թղթերին կցում լուսանկարներն ու արտիստ լինելու վերաբերյալ մյուս կեղծ ապացույցները:

Նշենք, որ նրանց օգնությամբ ԱՄՆ մուտք գործածների մեծ մասը չի լքել երկիրը արտոնագրի ժամկետի ավարտից հետո և շարունակել է Միացյալ Նահանգներում մնալ ապօրինի:

«Խարդախություն կատարող անձիք, ովքեր անտեսում են մեր ներգաղթային քաղաքականությությունը, սպառնում են մեր հասարակության ու ազգային անվտանգությանը», – դեպքի վերաբերյալ ասել է ԱՄՆ դատախազության ներկայացուցիչ Ջոն Քրոնանը:

«Արդարադատության նախարարությունը չի հանդուրժելու մեր ներգաղթային քաղաքականության հետ կապված այնպիսի չարաշահումներ, որոնք կան տվյալ դեպքի մեղադրական եզրակացության մեջ: Մենք արմատախիլ ենք անելու արտոնագրերի հետ կապված խարդախության մեխանիզմներն ու պատասխանատվության ենք ենթարկելու մեղավորներին», – ավելացրել է նա:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև գործով փաստաբաններից Դոնահյուն:

«Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրվող խումբը ԱՄՆ մուտք գործել ցանկացող օտարերկրացիներին հագցրել է ավանդական պարային կոստյումներ, տրամադրել կեղծ համերգների վերաբերյալ բուկլետներ, որպեսզի դրանով խաբեն կառավարական ծրագիրը, որը թույլ է տալիս արտասահմանցիներին ժամանակավոր մուտք գործել ԱՄՆ` արտիստական խմբերի կազմում», – ասել է նա:

Նշենք, որ ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքի, Բոյաջյանն ու Աթոյանը ձերբակալված են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: