Արտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է. Երկիր Ծիրանի

Feb 09, 2018 Comments Off on Արտաքին գործերի նախարարությունը ձեռքերը լվանում է. Երկիր Ծիրանի

Սույն թվականի հունվարի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախօրեին՝ հունվարի 21-ին իր մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին:

Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն թվականի փետրվարի 1-ին, ստացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարական է ուղարկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որի պատասխանը ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնեն:Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նման պատասխանը և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կողմից պատասխաններ չտրամադրելը առնվազն՝ պատշաճ չէ և տարակուսանք է առաջացնում: Ակնհայտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զարուհի Փոստանջյանի իրավունքները՝  հարևան Վրաստանի Հանրապետություն մուտք գործելու արգելքով պայմանավորված, վրացական իշխանությունների կողմից խախտվել են նաև, մասնավորապես՝

«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության՝ իրենց տարածքներով առանց վիզաներ տեղաշարժման մասին» համաձայնագիրը,Վրաստանի Հանրապետության «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ» օրենքի 11-րդ հոդվածը,

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 1-ին (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 10-րդ (Արտահայտվելու ազատությունը), 11-րդ  (Հավաքների և միավորման ազատությունը), 14-րդ (Խտրականության արգելումը), թիվ 4 Արձանագրության 2-րդ (Տեղաշարժի ազատությունը) հոդվածները:Մինչդեռ երկու երկրների դեսպանատների կողմից դեռ որևէ հստակ և իրավական պարզաբանում մինչ օրս չի տրամադրվել Զարուհի Փոստանջյանին՝ իր մուտքը Վրաստան ապօրինաբար խոչընդոտելու փաստի կապակցությամբ, որը նաև միջազգային դիվանագիտական սկանդալի հիմք է:Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերոնշյալ պատասխանը գնահատելի է ոչ այլ կերպ, քան պարզապես ձևականություն, որն ակնհայտ դարձրեց այդ կառույցի անդեմ և վախվորած լինելը՝ բոլորովին զուրկ սեփական քաղաքացու իրավունքներն ըստ պատշաճին պաշտպանելու պարտականությունից և արժանապատվությունից:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: