ՀՀ գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

Feb 09, 2018 Comments Off on ՀՀ գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործը երկրի համար ունի բացառիկ նշանակություն. այսօր լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ այս գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար:

«Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, այս քրեական գործի վարույթը կարճելու որևէ միտում չկա: Այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչն է խանգարում բացահայտել նաև հրաման տվողներին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե դուք այն պատկերացումն ունեք, որ հանցագործությունների բացահայտման մեր հնարավորություններն անսահմանափակ են, ես շատ ուրախ եմ դրա համար: Բայց ինքներդ տեսնում եք՝ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար: Մենք 2017թ. սպանության քրեական գործով կարողացանք տվյալներ ձեռք բերել և բացահայտել 2013թ. կատարված սպանություն, որի վարույթն արդեն կասեցված էր: Իսկ «Մարտի 1»-ի քրեական գործի բարդության մասին, կարծում եմ՝ բոլորդ լիարժեք պատկերացում ունեք: Բարդ գործ է, հազարից ավելի հարցաքննման ենթակա անձանց, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր ունի»:

Խոսելով գործի հրապարակայնության մասին` նշեց. «Երբ հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որևէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար, դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով՝ նախաքննությանը բնորոշ, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: