Ալիևի «յոթ երգն» ու «կոտրած տաշտակը»

Feb 12, 2018 Comments Off on Ալիևի «յոթ երգն» ու «կոտրած տաշտակը»

Ալիևի հիստերիան, դառնում է ավելի ու ավելի անտանելի

Երեկ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարի պատվիրակները միաձայն որոշեցին Իլհամ Ալիևին առաջադրել նախագահի թեկնածու: Հեյդար Ալիևի անվան կենտրոնում կայացած համագումարում ելույթ է ունեցել ինչպես գործող նախագահ՝ նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը, այնպես էլ կուսակցության շարքային և ղեկավար անդամներ:

Իր ելույթում Ալիևը կրկնել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, հակամարտությունն էլ պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այլ ճանապարհ չկա, մենք երբեք թույլ չենք տա մեր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը»,- ասել է նա՝ շարունակելով․ «Մենք պետք է ճնշենք Հայաստանին և կանենք դա, նաև միջազգային հանրությանը կհասցնենք մեր ճշմարտությունը»:

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է Հայաստանին մեկուսացրել միջազգային բոլոր ծրագրերից: «էներգետիկ և տրանսպորտային բոլոր ծրագրերը շրջանցում են Հայաստանը, մեր ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային փակուղի»,- հայտարարել է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով կշարունակեն օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժը:

Ալիևի ջղաձգությունն արդեն ծիծաղելի է: Տարիներ շարունակ հորից իշխանություն ժառանգած որդու հոգեվիճակն էլ կարելի է հասկանալ: Նա տարիներ շարունակ ազգին «կերակրել» է կեղծ հայրենասիրական բոցաշունչ ելույթներով, հիմա՝ կրկին նախընտրական քարոզարշավի մեջ է, ու ի՞նչ «գրավիչ» տեքստեր ներկայացնի, որ զբաղեցնի իր դեմքից հոգնած հասարակությանը… Իհարկե, թեմանները նույնն են, Ղարաբաղը կվերադարձնի», «Հայաստանը մեկուսացնի», «Երևանը կգրավի»…

Նա արդեն, իսկապես, ձանձրալի է դառնում, իսկ «յոթ երգերը»՝ մաշված:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Հերթական ընտրությունները պետք է կայանային աշնանը, սակայն երեք օր առաջ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց՝ այդ միջոցառումը վաղաժամկետ կազմակերպելու մասին:

Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, թե բոյկոտելու է արտահերթ ընտրությունները: «Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին ասել է, թե վաղաժամկետ ընտրությունների անցկացումը «Ալիևի իշխանությունը ևս 7 տարով երկարաձգելու գործողություն է»: Մինչդեռ՝ Իլհամ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը նախօրեին հայտարարել էր, թե ընտրություններն ավելի վաղ անցկացնելու նպատակը տարեվերջին նախատեսված տեղական և միջազգային նշանակության կարևոր իրադարձություների անխափան իրականացումն է:

Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են միջազգային կառույցների օրակարգում որոշ փոփոխությունների պատճառ դառնալ: Մասնավորապես, հնարավոր է, որ չեղարկվի փետրվարին նախատեսված՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողների այցը Բաքու: ԵԽԽՎ-ից ԱՊԱ գործակալությանն ասել են, որ սովորաբար ընտրությունների նախաշեմին մոնիտորինգներ չեն անցկացնում, քանի որ համազեկուցողներն ընդգրկվում են ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություններում:

Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակում նախատեսված հանդիպումը չի հետաձգվելու: Վաղը Բրյուսելում կայանալու է Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնել է Բրյուսել: «Ամնեսթի Ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես, արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, կոչ է արել այդ հանդիպման գլխավոր օրակարգային հարց դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը:

«Հանդիպումից մի քանի օր առաջ լրացել է Իլգար Մամադովի ազատազրկման 5-րդ տարին: Նա Ադրբեջանի ընդդիմության ամենահայտնի դեմքերից է, ով հրապարակավ քննադատում էր իշխանություններին: Նա շարունակում է մնալ ճաղավանդակների հետևում, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի, նրա ձերբակալությունն անօրինական է: Վերջին տարիներին բանտարկվել են տասնյակ այլ ակտիվիստներ ու լրագրողներ: Հրեշավոր օրենքները գործնականում անհնարին են դարձնում անկախ քաղաքացիական հասարակության գործունեությունն այդ երկրում»,- նշված է «Ամնեսթի Ինթերնեյշնլի» հայտարարությունում:

Դրանում նաև ասված է․ «Մինչդեռ՝ Եվրամիությունը գործում է սովորականի պես: Այս շաբաթ Եվրոպական ներդրումային բանկը (EIB) մեկ միլիարդ 500 միլիոն դոլարի վարկ տրամադրելու որոշում է կայացրել՝ Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի (TAP) կառուցման համար, որում Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը 20 տոկոսի բաժնեմաս ունի: Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության բանկ է, հետևաբար՝ բանկի որոշումները պետք է համապատասխանեն Եվրամիության արտաքին քաղաքականության սկզբունքներին, այն է՝ աջակցել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պահպանմանը: Իրականում Ադրբեջանի բռնաճնշումների հանդեպ Եվրամիության մտահոգությունները հետևանքներ չեն ունենում, երբ խոսքը վերաբերում է գազին»:

Իրավապաշտպան կառույցը նաև նշում է, որ Ադրբեջանում անսպասելիորեն վաղաժամկետ ընտրություններ են նշանակվել, ինչը, հնարավոր է, իշխանությանը քննադատողների հանդեպ նոր ճնշումների տեղիք տա: «Հրատապ է, որ Մոգերինին Մամեդյարովին զգուշացնի՝ անարդար կերպով դատապարտվածներին ազատ չարձակելը, քաղաքացիական հասարակության սահմանափակումները սպառնալիքի տակ են դնում գործընկերության նոր ծրագրերը, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը խողովակաշարերի կառուցմանը, որն արդեն իսկ ստվերվել է բռնաճնշումների պատճառով»,- հայտարարում է «Ամնեսթի Ինթերնեյշնլը»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: