Բաքվի զայրույթի խորքերը

Feb 12, 2018 Comments Off on Բաքվի զայրույթի խորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան: Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իսկ երեկ համանախագահներին է ընդունել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Համանախագահները Երեւանից մեկնելու են նաև Լեռնային Ղարաբաղ:

Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, համանախագահները տեղեկացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։ «Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ, և թե երբ է պատրաստ այն իրականացնել»։ «Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

«Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով նախօրե շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանը ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին՝ թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է միջնորդների հանդիպումը նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ՝ հանդիպելու տեղի իշխանության ներկայացուցիչներին:

Բաքվից Երեւան ժամանած համանախագահներն, ըստ ամենայնի, բերել են Ադրբեջանի պատասխանը՝ վերջին պայմանավորվածությունների վերաբերյալ:

Դատելով Ալիեւի պահվածքից՝ մթնոլորտը Բաքվի համար դուրեկան չէ: Համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում սահմանին դարձյալ հայ զինվոր զոհվեց: Իսկ սա նշանակում է, որ Ալիևը իր դժգոհությունը բանակցություններից՝ այդ կերպ է արտահայտում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: