Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

Feb 09, 2018 Comments Off on Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

«Ադրբեջանն իր պահվածքով ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Շատ դժվար է բանակցել մի կողմի հետ, ով համանախագահների հետ համակարծիք է և հայտարարություն է տարածում, բայց նրա իշխանության կրողը հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը ոչ ավել, ոչ պակաս հոխորտանք է հարևան երկրի նկատմամբ:Խնդիրը Ադրբեջանի մեջ է, ով շարունակում է իր ոչ կառուցողական հայտարարութունների շարքը»,- երեկ ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին: Նշենք, որ երեկ  շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին: Սա անհեթեթություն ու զառանցանք է,ասաց  Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ  հայտարարել էր, որ իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»:

«Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրի նկատմամբ տարածքներ վերցնելու մասին է խոսում: Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Ադոլֆ Հիտլերը ժամանակին նման հայտարարություններ էր անում Սուդեթական մարզի, Լեհաստանի, ԽՍՀՄ և այլ երկրների նկատմամբ»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ քիչ թե շատ պատմությունից տեղյակ մարդու մոտ նման հայտարարությունները լայն ժպիտ են առաջացնում: «Ադրբեջանի պետությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել, ինչ պատմական տարածքների մասին է խոսքը: Ցիցերոնը հետաքրքիր արտահայտություններ էր անում դատարկախոսների մասին՝ ասում էր.«Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում»: Դա կիրառելի է նաև նրա նկատմամբ: Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: