Արմեն Սարգսյանը կների՞ ՀՀԿ-ին

Feb 11, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը կների՞ ՀՀԿ-ին

Խորհրդարանը քննարկում էր Ներման մասին օրենքի նախագիծը, որն այն օրենքների փնջում է, որով Հայաստանում քայլ առ քայլ կերտվում է սուպերվարչապետական մոդել։ Չնայած այն հանգամանքին, որ իշխող ուժի ներկայացուցիչները սահմանադրական բարեփոխումների ժամանակ ասում էին, թե փոփոխում են կառավարման մոդելը, որպեսզի իշխանությունը կենտրոնացված չլինի մեկ անձի ձեռքում, բայց այսօր ճիշտ հակառակն ենք տեսնում, ապագա վարչապետը կունենա ճիշտ այն լիազորությունները, որն ունի այսօր ՀՀ նախագահը։

2015 թվականին փոփոխված Սահմանադրության մեջ ներման իրավունքը թողնված է նախագահին, 135 հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն է լուծում դատապարտյալների ներման հարցը, սակայն ներկայացված նախագծով փաստացի ներման իրավունքը անցնում է վարչապետին: Վարչապետն է որոշում՝ բավարարե՞լ ներման խնդրագիրը, թե՞ մերժել, և ըստ դրա՝ նախապատրաստում նախագահի հրամանագիրը, նախագահն ընդամենը ստորագրում է այդ կարգադրությունը, իսկ եթե համաձայն չէ վարչապետի հետ այդ դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան, եթե համաձայն չէ ու չի ստորագրում, ապա իրավունքի ուժով առանց նախագահի ստորագրության որոշումն ընդունվում է։ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախագահից ներման իրավունքը վերցնում են, տալիս են վարչապետին: Նա ասաց, որ առաջարկել են ներման խնդրագրերի քննարկումը, հրամանագրերի ընդունումը դարձնել հրապարակային,որովհետեւ հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր եւ ինչի համար են ներվում։

Քրմոյանը պատասխանեց, որ լիազորությունները նախագահից չեն վերցնում, դա սահմանվել է Սահմանադրությամբ, որտեղ ամրագրված է, որ պետք է լինի միջնորդություն ներկայացնող մարմին: Փոխնախարարը  բերեց մի շարք եվրոպական երկրների օրինակ, որտեղ ներման հրամանագիրը չեն հրապարակում , որ չկաշկանդեն: Մարուքյանն էլ հակադարձեց, որ Բելգիայում ընտրությունների ժամանակ նախագահը չի խոստանում, որ այսինչ կամ այնինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տան ՀՀԿ-ին, այնպես որ պետք չի Բելգիայի հետ համեմատվել: Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ ներումը հումանիստական է, մարդասիրական, քրիստոնեական է, մինչդեռ գրել են նախագծում, որ սա խրախուսական միջոց է. Գեւորգ Գորգիսյանն էլ իր մտահոգությունը հայտնեց՝ վարչապետը կարող է 1 մլն դոլար կաշառք է վերցրել ու ուզում է ներել, նախագահը չի ուզում, պետք է օրենքով դիմի Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ի՞նչը պետք է նախագահը վիճարկի՝ այդ մարդու բռնաբարելը կամ չբռնաբարե՞լը: «Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահը ներում է: Նախագահից որոշում կայացնելու գործառույթը վերցնում եք»:

Նա դիմեց Հրայր Թովմասյանին՝ ասելով, թե ո՞նց եք վերաբերվում, երբ ձեր գրած Սահմանադրությունը հենց հիմա ոտնահարվում է: Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ Սահմանադրությունը չի խախտվել, ճիշտ հակառակը, սահմանադրական հոդվածն են կիրառում: «Դուք ուղղակի պետք է արձանագրեք, որ նախագահի ինստիտուտի դերակատարությունը այս պրոցեսում գրեթե ֆորմալ բնույթ է կրում» ,-նկատեց Միքայել Մելքումյանը:« Վարչապետի ներկայացրածը կասկածի տակ դնելու գործիքակազմ ունի՞ նախագահը, ինչի՞ հիման վրա կարող է կասկածի տակ դնել վարչապետի առաջարկությունը», – հետաքրքրվեց նա: Սուրեն Քրմոյանը արձագանքեց․ «Ո՞վ է նախագահի համար պատրաստելու այս նյութը, իհարկե՝ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։ Նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պատրաստում է տեղեկանք՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չէ ներում շնորհել այդ անձին ու ներկայացնում համապատասխան հիմնավորումներ։ Կասկածի տակ չի դրվում, սա բնականոն գործընթաց է»:Նա չի կարծում, որ ներում շնորհելու գործընթացում նախագահի ինստիտուտի դերակատարությունը ձևական է, Քրմոյանն ասաց, որ ինքն այդպես չի կարծում և հավելեց. «Ինչ արձանագրել է Սահմանադրությունը, այդպես էլ շարունակում ենք օրենքներում ֆիքսել»։ Մնում է այս բոլոր նվաստացուցիչ օրենքներից հետո Արմեն Սարգսյանը ների ՀՀԿ-ին ու ընդունի թեկնածուի առաջարկը հանուն այն բանի, որ թեկուզ ձեւական կդառնա ՀՀ հաջորդ նախագահը։

Անի սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: