Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին. Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Ս. Դողան.ՀԺ

Feb 08, 2018 Comments Off on Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին. Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Ս. Դողան.ՀԺ

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սելինա Դողանը Ստամբուլում «Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Թուրքիայի ներքաղաքական ներկա իրավիճակի, հայ համայնքում տրամադրությունների, թուրքական մեջլիսում հայ և կին պատգամավորի իր փորձառության մանրամասներն ու Հայաստան սպասվող այցի մասին:

– Տիկին Դողան, Թուրքիայում ներքաղաքական այսօրվա պայմաններում ինչպե՞ս կգնահատեք  իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Առանձին դեպքեր կա՞ն, որոնք ցույց են տալիս, որ վերջին շրջանում ազգայնական տրամադրություններն ընդգծվել են եւ իշխող կուսակցության կոալիցիոն միակ գործընկերը հենց ազգայնականներն են: 

– Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին: Մենք խաղաքարտի պես մի բան ենք Էրդողանի գրպանում, որն օգտագործում է, երբ կարիք ունի և ինչպես մտքով անցնում է: Մենք այստեղ գերու պես ենք, և ովքեր չեն կարողանում դիմակայել, հեռանում են Թուրքիայից: Հայերն այստեղ թվաքանակով արդեն չափազանց քիչ են՝ որևէ ազդեցություն ունենալու համար: Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ազգայնականները պատրաստվում են հանուն քվեների ընդգծել ազգայնական դիսկուրսը: Թիրախում քրիստոնյա փոքրամասնությունները կլինեն:

– 2015-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դուք երկու այլ հայերի հետ ընտրվեցիք մեջլիսի պատգամավոր: Կապ համայնքի հետ, խորհրդարանական առօրյա. ի՞նչ է կատարվել այս ընթացքում:

– Հանկարծ և միանգամից երեք հայ պատգամավոր Թուքրիայի խորհրդարանում: Մեզ համար, համայնքի համար անսովոր էր: Ոչ ոք նույնիսկ չգիտեր՝ ինչ է դա նշանակում` պատգամավոր ունենալ, պատգամավորի հետ կապ ունենալ, աշխատել: Մենք էլ չգիտեինք իրականում ինչ ենք անելու, որտեղի՞ց իմանայինք: Դա մեզնից փոքր-ինչ ժամանակ տարավ, հետո քայլ առ քայլ սկսվեցին միասին գործերը: Հիմա արդեն նորմալ գործընթաց է: Ճիշտ է` հայ պատգամավորները փորձում են համայնքի խնդիրները բարձրացնել, սակայն հիմա այն իրավիճակը չէ, որ իրականում որևէ գործնական, շահեկան փոփոխություն լինի: Հայերը դուրս են Թուրքիայի ներքաղաքական օրակարգից` հաշվի առնելով ընդհանուր առավել մասշտաբային խնդիրները:

Ես էլ ժամանակի ընթացքում ծանոթացա իշխող կուսակցության պատգամավորների հետ, կապեր հաստատեցի: Իրար ճանաչեցինք. հիմա եմ հասկանում, թե ինչքան կարևոր է սա. նույնիսկ խորհրդարանի աշխատակիցների հետ կապերը: Կան մարդիկ, որ երբեք հայ չեն տեսել, կարծում էին` մենք երկու քիթ, չորս աչք ունենք: Երբ ճանաչում են, ընկալումներ, վերաբերմունք է փոխվում ամբողջ համայնքի նկատմամբ: Եղել է նույնիսկ իրավիճակ, երբ մոտեցել են ինձ և շշուկով ասել` գիտես, տատիկս հայ էր, պապիկս հայ էր: Սրանք չափազանց կարևոր փոփոխություններ են և այս աշխատանքը նույնքան կարևոր փորձառություն է ինձ համար, կարևոր օրինակ Թուրքիայում ապրող երիտասարդ հայերի համար:

Մանրամասները՝Հայկական ժամանակում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: