Անակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երեւանի պատասխանը

Feb 08, 2018 Comments Off on Անակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երեւանի պատասխանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաեւ արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:

Ընդ որում՝ Հաջիեւի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություննե, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, եւ նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիեւի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի: Մինչ այսօր ակտիվ քննարկվում է, թե ինչու է Ալիեւը գնացել այդ քայլին՝ ընտրությունները, փաստորեն, նշանակելով այն ժամանակ, երբ Հայաստանում էլ պետք է պարզվի վարչապետի հարցը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Հայաստանում ոչ թե վարչապետի, այլ նախագահական ընտրությունների մասին: Մի բան, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեխանիկորե՞ն է Հայաստանի դեպքում էլ օգտագործում նախագահական ընտրություններ արտահայտությունը՝ տեղյակ չլինելով կառավարման մոդելի փոփոխությանն ու մանրամասներին, թե՞ այդուհանդերձ ինչ-որ բանից տեղյակ չէ հայաստանյան հանրությունը, իսկ ահա, օրինակ, ղարաբաղյան բանակցության ձեւաչափում ներգրավված կողմերը եւ միջնորդները արդեն որոշակի պատկերացումներ ունեն ապրիլի եւ դրան հաջորդելիք իրողությունների մասին, այսինքն՝ նրանց համար վիճակն այդքան էլ անորոշ չէ:

Ադրբեջանցի խոսնակի հայտարարությունը, համենայնդեպս, առաջացնում է հարցեր, հատկապես, որ դրանք առանց այդ էլ կային՝ կապված այն բանի հետ, թե ի վերջո ով է բանակցելու Ադրբեջանի հետ, եթե Սերժ Սարգսյանը վայր է դնում լիազորությունն ու չի առաջադրվում վարչապետի պաշտոնի համար: Վարչապե՞տն է ստանձնելու բանակցության, այսպես ասած, առաջնային մանդատը, թե՞ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող նախագահը: Այս հարցում Հայաստանի իշխանությունը չի տվել որոշակի պատասխան: Իսկ ունե՞ն այդ հարցի պատասխանն, օրինակ, համանախագահներն ու Ադրբեջանը: Սա, իհարկե, խնդրի մի կողմն է, որովհետեւ մյուս կողմում արդեն բուն բովանդակությունն է կամ բովանդակության մասին հարցերը:

Փաստորեն, տեսականում գոնե ստացվում է, որ ապրիլից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, այսպես ասած, ստանում են շատ կոնկրետ ժամանակ ու տարածություն՝ մի քանի տարի, ընտրություններից ազատ: Ինչպե՞ս են տնօրինելու Երեւանն ու Բաքուն իրենց «ազատությունը», իհարկե՝ հարաբերական ազատությունը, քանի որ նրանց խնդիրը թե՛ սեփական հանրության, թե՛ արտաքին աշխարհի հետ ամենեւին միայն ընտրությունները չեն: Ըստ այդմ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը այդ իմաստով Երեւանի եւ Բաքվի համար ունենալու է, այսպես ասած, պարտքի՞, թե՞ «ժամանցի» նշանակություն, երբ առավել անկաշկանդ ռեժիմում հնարավոր կլինի ապահովել քաղաքական ձեւաչափով որեւէ գործընթաց՝ իրավիճակը կայուն պահելու համար: Այստեղ խնդիրն անկասկած առավել զգայուն է կամ գերազանցապես զգայուն է Բաքվի համար:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: