ՀՅԴ-ն սկսել է ազդել ՀՀԿ-ի նյարդերի վրա. վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է

Feb 09, 2018 Comments Off on ՀՅԴ-ն սկսել է ազդել ՀՀԿ-ի նյարդերի վրա. վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ-ի այն հայտարարությունը, որտեղ հին ընկերները հարց են բարձրացրել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին և  քննադատել  երկրում տիրող իրավիճակը, որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի եւ ռեյտինգային ընտրակարգը չեն հանի:
«Մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում նաեւ նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել` եւ՛ լավի, եւ՛ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին»,- ասել է նա:
Վերջին շրջանում կոալիցիոն գործընկրների քաղաքական օրակարգում սկզբունքային հարցերի շուրջ ընդգծված տարբերությունները հրապարակային բնույթ են ստանում:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրիեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում գործող ընտրակարգը հակաժողովրդավարական է: Նա ասել է նաևեւ, որ ՀՀԿ-ի հետ այս հարցով արդեն հեռակա կարգով քննարկումներ են սկսվել: Սա հին ընկերների կողմից բավականին ուշագրավ գնահատական է, եթե հաշվի առնենք, որ նրանք ժամանակին կողմ են քվեարկել այս Ընտրական օրենսգրքին: Իհարկե, ՀՅԴ-ն կարող է արդարանալ, ասելով, որ իրենք ժամանակին կողմ են եղել ռեյտինգային ընտրակարգին` ամբողջ երկրի մասշտաբով քվեարկվող թեկնածուների համար, իսկ տարածքային ցուցակներով առաջադրման տարբերակը, որն ամարգրված է գործող ԸՕ-ում, եղել է կոմպրոմիսային տարբերակ` համամասնական ընտրակարգի անցնելու ճանապարհին:Նման հայտարարություններ դաշնակցականներն անում էին և՛ այն օրերին, երբ ԸՕ-ն նոր-նոր էր ընդունվել, և՛ 2017-ի խորհրդարնական ընտրությունների ընթացքում:
Ներկայումս Ընտրական օրենսգրքի փոփոխության ու ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օգտին է հանդես գալիս նաև Ծառուկյան դաշինքը, որը շրջանառության մեջ է դրել փոփխությունների նախագիծ:
Նման իրավիճակը ակնհայտորեն սկսել է ազդել ՀՀԿ-ի նյարդերի վրա, որտեղ շատ լավ հասկանում են, որ այս  «բազարները» զուտ կենցաղային նպատակներ են հետապնդում. նոր կառավարությունում մի պորտֆել ավել պոկել: Քաղաքական մեծամասնության ներկայցուցիչները չեն թաքցնում, որ իրենց համբերությունն անսահման չէ և ըստ ամենայնի ՀՅԴ-ին կարող են անգամ  դռան տեղը ցույց տալ՝ եթե չեն ուզում թող հեռանան կոալիցիայից: Հրապարակային հայտարարությունները, թե իրենք չեն պատրաստվում փոխել ԸՕ-ն, բացի այդ երկրում ստեղծված և՛ դրական, և՛ բացասական իրավիճակի համար ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատասխանատու են հավասարապես, շատ հստակ ազդակներ են այդ մասին: Վերջին խոսքն, իհարկե, Սերժ Սարգսյանինն է: Որևէ մեկը չի կասկածում, որ նրա մի խոսքը բավարար է, որ ռեյտինգային ընտրակարգի հարցը ՀՅԴ-ի օրակարգից կամ ընդմիշտ դուրս գա կամ էլ առնվազն սառեցվի:
Իսկ Սերժ Սարգսյանին ռեյտինգային համակարգը միանշանակ ձեռնտու է, որովհետև այն լիովին արդարացված է իշխանության անխափան վերարտադրությունն ապահովելու տեսանկյունից: Բայց մյուս կողմից էլ ՀՅԴ-ն ունի շատ լուրջ քաղաքական փորձառություն, որպեսզի չհասկանա՝ 2022-ի ընտրություններին իրենք կարող են հայտնվել լուսանցքում և չհաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: