Կառավարությունում քաոս է

Feb 11, 2018 Comments Off on Կառավարությունում քաոս է

Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարությունը անգլուխ ձիավոր է հիշեցնում, ով ինչ ուզում ասում է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսին հակասում, հետո բոլորը միասին հակասում կառավարության ոգուն, մի խոսքով՝ իսկական քաոս:

Այսպիսով պարզվում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին մեծ աղմուկ բարձրացրած որոշումը անգամ կառավարության անդամների հետ չի քննարկվել, կամ եթե քննարկվել է, ապա դա գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմաններում չի ընդունվել:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրինակ ԱԺ-ում լրագրողներին վստահեցնում էր, որ իր մոտ բաց դռներից որևէ կաշկանդվածություն չի կարող լինել: Միևնույն ժամանակ նա շեշտում է, թե լուրջ խնդիր կա կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված, նա գոհ չէ լրագրողների աշխատանքից.«Շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվի, ավելի շատ ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկնաբանություն է, և դա վնասում է հանրությանը: Պատկերացրեք` եթե ինչ-որ կարևոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը, ներկայացվում է, թե նախարարն ինչ ձևով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունն աղավաղվում է, իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- ասաց Մինասյանը:

Իսկ ինչ վերաբերում է ազատ ելումուտին, ապա Արծվիկ Մինասյանին դա չի խանգարում, քանի որ նա, ինչպես ինքն է ասում, «ունի պարզ ձևավորված մշակույթ»: Եթե չլիներ Արծվիկ Մինասյանի կուսակից ընկերոջ՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի տրամագծորեն հակառակ կարծիքը, կարող էինք ասել, որ դաշնակցական նախարարը անձնական վրեժխնդրություն է դրսեւորում վարչապետի դեմ, ով աչքով աչք չունի Արծվիկ Մինասյանին եւ արդեն մի քանի տարի է բացահայտ ատելություն է դրսեւորում վերջինիս նկատմամբ, սակայն Լեւոն Մկրտչյանի հայտարարությունը փոխում է այդ կարծիքը: Վերջինս կողմ է կառավարության նիստերի դռնփակ անցկացնելուն եւ հիմնավորում է. «Օրինակ՝ նախկինում էլ շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ կարելի էլ ինչ-որ կետի հետ չհամաձայնվել, ինքը շատ կարևոր հարցադրում չի եղել ու չենք ասել»: Մկրտչյանն ասում է, թե երբ ամեն բան լուսաբանվում է, այդ դիտողություններն այլ ֆոն են ստեղծում:

Իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը բոլոր հարցերից գլուխն ազատելու ձեւը գտել է: Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Էրեբունի հիվանդանոցում 19-ամյա ծննդկան է մահացել, սակայն նախարարը բառ անգամ չի ասում, թե ինքը որպես ոլորտի պատասխանատու ինչ է պարզել, նախնական ինչ տեղեկություններ կան, ի վերջո խոսքը մարդկային ընդհատված կյանքի մասին է, որի համար մեղադրվում է հիվանդանոցի բժիշկը: Ալթունյանը ցինիկ ժպիտով միալար կրկնում էր, թե նախաքննություն է ընթանում եւ ինքը ասելիք չունի: Նա արտասովոր չի համարում նաեւ օրերս Մասիսի հիվանդանոցի հետ կապված միջադեպը՝ կարծելով, որ հիվանդանոցի տնօրենը կրեատիվ մոտեցում է ցուցաբերել, մեզի անալիզի փոխարեն թեյ է հանձնել ու ստացել մեզի անալիզի պատասխաններ:

Ստացվում է, որ անպատասխանատու, տգետ բժիշկները խաղում են մարդկային կյանքերի հետ, իսկ ոլորտի պատասխանատուն անկաշկանդ ժպտալով պատասխանում է այս հարցերին, թե սպասենք քննության արդյունքներին :Կասկածից վեր է, որ Մասիսի հիվանդանոցը միակը չէ , սակայն նախարարը չի ընդունում համատարած ամենաթողությունը: Սրա փոխարեն առողջապահության ոլորտի պատասխանատուները խոսում են բժշկական ծառայությունների վճարները բարձրացնելու, առողջապահության բյուջեն ավելացնելու մասին: Ալթունյանը այս հարցում առաջամարտիկն է, քանի որ նա համակարգը ծառայեցնում է իր անձնական բիզնեսին եւ համակարգի աշխատակիցներին պարտադրում իրեն պատկանող ապահովագրական ընկերությունն ընտրել, Ինգո Արմենիան:Ի դեպ, ըստ մասնագետների հաշվարկների տնօրինում է առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեի 25 տոկոսը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: